Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոշավանքի «հոնքը սարքելու փոխարեն աչքը հանել են»

Սեպտեմբեր 16,2014 19:01

Տավուշի մարզ նախընտրական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելեց, այնտեղ մոմ վառեց: Այդ ժամանակ երկրի ղեկավարին ներկայացվեց վանական համալիրի նորոգման խնդիրը:

IMG_0109

 

2013թ. հոկտեմբերի 24-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվեց հոգեւոր համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Եկեղեցու գագաթին տախտակամած է կառուցվել, գմբեթի թեքության քարերը քանդել են: Գործը կիսատ է մնացել:

IMG_0128

 

Գոշ համայնքի ղեկավար Գեւորգ Ամիրխանյանը նշեց, որ սեպտեմբերի 22-ին համալիրի վերանորոգումը կշարունակվի: «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը մեզ ցույց տվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու բաց գմբեթը անձրեւներից պաշտպանելու համար նախատեսված, սակայն քամուց պատառոտված կապույտ պաստառն ու ասաց. «Անցյալ տարվա աշնանը քանդել են, գոնե սարքեին : Պետք է անցած ամռանը սարքեին, չեն սարքել: Պատճառաբանել են, որ գումար չկա: Եթե գումար չկա, ինչո՞ւ եք քանդել, ինչո՞ւ եք ավերել: Հիմա անձրեւները սկսվել են, կրի ծածկը քանդվում է, բաց ծածկից անձրեւները ներս են թափանցում»: Նա հայտնեց, որ անձրեւները վնասում են եկեղեցում առկա արժեքավոր վիմական արձանագրությունները, որոնց մի մասը ներկանյութով է ստեղծված: Վանական համալիրի մաս կազմող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անկյունները հեռացել են, զանգակատան, գրատան գմբեթից քարեր են ընկնում: Դրանք վտանգավոր են այցելուների համար, որոնց թիվը տարեկան 600 հազար է կազմում: Գրատան, զանգակատան կամարներն իջել են:

Arcrun-Hovsepyan

Գոշավանքի թանգարանը չի գործում, դրա ցուցանմուշները տեղափոխել են Դիլիջան քաղաքում գտնվող շենքերից մեկի նկուղ: Ա. Հովսեփյանը հայտնեց , որ 1985 թ. ինքը մեծ դժվարությամբ է այդ թանգարանը ստեղծել, ցուցանմուշներ հավաքել: Նրա խոսքերով՝ մշակույթի նախարարության աշխատակիցները թանգարանի աշխատակիցներին հավաստիացրել են, որ թանգարանը կվերաբացվի 2014թ. հունիսի 1-ին: Ա. Հովսեփյանի համոզմամբ՝ մշակույթի նախարարության աշխատողները թանգարանի աշխատակիցներին խաբել են, որի նպատակը եղել է թանգարանի 7 աշխատողներին կրճատելը: Մխիթար Գոշի դամբարանի նորոգման վերաբերյալ Ա. Հովսեփյանն ասաց. «3 տարի առաջ Գոշի դամբարանը սկսել են սարքել, 3 տարի է ՝ կիսատ-պռատ է, ծածկը չեն սարքում, չնայած ասում են,որ մշակույթի նախարարությունը գումարը փոխանցել է: Ո՞ւմ են պետք կատարված աշխատանքը, կառուցված պատերը, եթե անձրեւաջրերը ներս են լցվում, թուլացնում, քայքայում»:

Գոշավանքի ներսում հոգեւոր գրականություն եւ այլ իրեր են վաճառվում՝ բավական թանկ գներով: Օրինակ՝ պսակվողների եւ մկտրվողների համար նախատեսված Նոր կտակարանը վաճառվում է 5000դրամով, փոքրիկների համար նախատեսված Աստվածաշունչը՝ 4500 դրամով: Ա. Հովսեփյանից տեղեկացանք, որ ամեն ամիս դրանց վաճառքից Հայ առաքելական եկեղեցին շուրջ 25 միլիոն դրամ հասույթ ունենում: Սակայն այդ գումարներից Գոշավանքի նորոգման համար ներդրում չի կատարվել ,նորոգման ֆինանսավորումը պետբյուջեն է կատարում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տեր Թորգոմ քհն says:

    վերջում նշված 25 մլն թիվն իրականությանը չի համապատասխանում:
    Չի կարելի կեղծ թվեր հապարակելով տպավորությունն ստեղծել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930