Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև». ցուցահանդես անկախության մասին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2014 18:41

Այսօր  Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» անունը կրող ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացված էին երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Ցուցահանդեսը փորձ էր  ներկայացնել նեոգաղութատիրական շրջանը հաղթահարած հասարակության՝ անկախության սերնդի գեղագիտական նոր լեզվամտածողություն ստեղծած արվեստագետների աշխատանքները՝  Արարատ Սարգսյանի, Սարգիս Համալբաշյանի, Արման Գրիգորյանի և Արևիկ  Արևշատյանի  նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

PrevPhoto
NextPhoto

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես ներկա էր ցուցահանդեսին: Ներկայացված աշխատանքները դիտելուց հետո  լրագրողների հետ զրույցում տիկին Պողոսյանը  ցուցահանդեսի՝   ձևափոխության ու ձևաստեղծման գաղափարը կարևոր ու հետաքրքիր համարեց. «Կարծում եմ, որ մեզանում հենց այս կարգի ցուցահանդեսներն են  պակասում, որովհետև յուրաքանչյուր ժամ ստեղծագործ աշխատանքով ենք զբաղված, բայց  ստեղծագործելու արդյունքում ինչ է ձևավորվում՝ չենք տեսնում:  Ըստ էության,  արվեստագետները  փորձեցին այս հարցի պատասխանները տալ: Մենք տեսնում ենք բազմաժանր ստեղծագործություններ, որոնք և՛ առանձին են հետաքրքիր, և՛  առավել ուժեղ են այն հայեցակարգի շրջանակներում, որ  ներկայացված են այսօր: Ըստ իս, ցուցահանդեսը  լուրջ արձագանք կունենա ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլ նաև ամբողջական մի երևույթ կդառնա, որը նաև միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու  հնարավորություն կունենա»:

Քանդակագործ Տիգրան Մուրադյանը ազատությունը պատկերել էր հեծանիվով մերկ կնոջ տեսքով: Aravot.am-ի  հետ զրույցում քանդակագործը կիսվեց արձանի ստեղծման պատմությամբ. «Քանդակը ստեղծել եմ մեկուկես ամսում: Արձանն իր մարմնով ու շարժուձևով ցույց է տալիս ազատությունը՝ առանց սահմանափակումների: Ինքս ցանկություն ունեի այս կնոջ կողքին նաև մերկ տղամարդ պատկերել,որոնք պետք է կանգնած լինեին  իրար դիմաց,  սակայն ժամանակի սղության պատճառով չհասցրի քանդակել: Շատերը պարտադրում են մերկ մարմինը հնարավորինս  ընդհանրացնել, որպեսզի չերևան բարեմասնությունները. հայկական մտածողությունն ինչ-որ չափով իր դերը կատարում է նաև արվեստում: Սակայն ավելի  ճիշտ է ստեղծագործել այնպես, ինչպես ցանկանում ու զգում ես՝ առանց մտածելու ով  ինչ կարծիք կունենա քո աշխատանքի մասին. սա նույնպես ազատություն է»:
Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930