Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողը պատրաստ չէ մտնել աշխատաշուկա». Ռուբեն Թոփչյան

Սեպտեմբեր 16,2014 18:19

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը գտնում է, որ ուսանողն այսօր այնքան էլ պատրաստ չէ մտնելու աշխատաշուկա. «Աշխատաշուկան շրջանավարտից ակնկալում է ոչ միայն մասնագիտական որոշակի գիտելիքներ, այլև դրանք գործնականում կիրառելու հմտություններ, հետազոտական աշխատանքի, շփման, հաղորդակցման կարողություններ, որոնք, ըստ իս, շատ կարևոր են: Մինչդեռ, մեր բուհերն այսօր միայն գիտելիք են տալիս՝ կարծելով, թե շրջանավարտն իր աշխատավայրում ձեռք կբերի մնացած կարողությունները: Բայց դա սխալ է: Ուսանողն ուսումնական հաստատությունում պետք է կարողանա այդ ամենին տիրապետել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց պարոն Թոփչյանը:

Ըստ նրա՝ սրա արմատները պետք է փնտրել դեռևս խորհրդային կրթական համակարգում. «Խորհրդային կրթությունը միտված էր նրան, որ ուսումնական հաստատությունում երեխան հիմնականում գիտելիք ստանա, որը կկիրառի հետագայում, իսկ աշխատավայրում կձևավորվեն շփվելու, հաղորդակցվելու և անհրաժեշտ այլ կարողություններ: Շարունակելով այս մտայնությունը՝ մեր դասախոսներն այսօր էլ են ուզում ուսանողներին տալ այնքան շատ գիտելիքներ, որ հերիքի ողջ կյանքի համար, բայց դա դժվար է, որովհետև կյանքը շատ արագ է փոխվում, և մենք չենք կարող վստահ լինել, թե մեր տված գիտելիքը մեկ-երկու տարի հետո պիտանի կլինի: Գիտելիքը հնանում է»,- ասում է Ռ. Թոփչյանը: Նա կարծում է, որ դրա համար ուսանողի մեջ պետք է, նախևառաջ դաստիարակել իրեն ձևավորելու կարողություն, և ուսանողն ինքը կկարողանա որոշել՝ ինչպես սովորել, ինչպես հետազոտել, իր գիտելիքներն ինչպես ավելացնել. «Օրինակ՝ այսօր ուսանողները բողոքում են (և գնահատականներն էլ են դա հիմնավորում), որ բուհերում շատ է կաղում իրենց ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում, այսինքն՝ ուսանողների, նույնիսկ մագիստրոսների մեծ մասի դիպլոմային աշխատանքները ոչ թե հետազոտական, այլ ռեֆերատիվ բնույթ են կրում: Դա նշանակում է, որ ուսանողը չի սովորել նոր բան հետազոտել, նոր գիտելիք ստանալ, այսինքն՝ նա պատրաստ չէ մտնել շուկա. պատրաստ է միայն գիտելիքների ծավալով, բայց ոչ դրանք ավելացնելու մեխանիզմներով»,- ասում է բանախոսը:

Բուհերում առկա երկրորդ կարևորագույն խնդիրը, ըստ պարոն Թոփչյանի, այսպես կոչված, միջազգայնացումն է. «Մեր ուսանողները հաճախ պարփակված են մեր կրթական համակարգի մեջ: Շատ փոքր է դասախոսների և ուսանողների շարժունությունը: Դասախոս կա, որ 20-30 տարի դասավանդում է, բայց երբեք չի հանդիպել իր արտասահմանցի կոլեգաների հետ, չի կիսվել փորձով, չի տեսել՝ ինչպես են նրանք աշխատում և այլն: Ինչպես իրեն սովորեցրել են լսարանում, այնպես էլ նա շարունակում է սովորեցնել մյուսներին, ինչը զարգացմանը խոչընդոտող մեծ խնդիր է»,- համոզված է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենը: Նա կարծում է, որ այս առումով կարելի է լուրջ հաջողությունների հասնել, եթե քայլեր ձեռնարկվեն արտերկրից Հայաստան դասախոսներ հրավիրելու ուղղությամբ:

Երրորդ խնդիրը, ըստ Ռ. Թոփչյանի, կրթական գործընթացի կառավարումն է. «Մենք միշտ սովորեցնում ենք այն ձևով, որը գիտենք: Չենք հետազոտում նոր մեթոդներ և հաճախ նույնիսկ կիրառում ենք այնպիսիք, որոնցում դեռ համոզված չենք»,- ասում է պարոն Թոփչյանը՝ դրա վառ օրինակ համարելով կրեդիտային համակարգը. «Մենք այդքան էլ չհամոզվեցինք, որ դա մեզ հարմար է, չհամոզվեցինք՝ ինչու և ինչպես ենք ներդնում, ինչ կշահենք դրանից, բայց ներդրեցինք, և դրա արդյունքում դասախոսը շփոթվեց, ուսուցման նրա ձևն ու մոտեցումը փոխվեցին, և ստացվում է, որ նա այնքան էլ արդյունավետ չի աշխատում»,- ասում է Ռ. Թոփչյանը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենն ասում է, որ այժմ հիմնադրամը ուսումնական հաստատություններում ներդնում է որակի ապահովման մեխանիզմներ: Ուսումնական հաստատությունները պետք է գնահատեն իրենց արածի արդյունավետությունը, իսկ թերացումները վերացնեն. «Իհարկե, դասախոսները կարող են առարկել, թե միշտ էլ արել են դա, բայց տարբերությունը նրանում է, որ այդ գործառույթը նախկինում համակարգված չի եղել, և ամեն դասախոս իր ձևով է դա արել»,- ասում է Ռ. Թոփչյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը կրթական հաստատությանն աջակցելն է, որպեսզի նա կարողանա ստեղծել կրթության որակի բարելավման ծրագիր:

Ռ. Թոփչյանի տեղեկացմամբ՝ հայաստանյան 15 բուհեր արդեն անցել են այս գործընթացը և հավատարմագրվել են. «Այդ բուհերն այսօր ունեն իրենց բարելավման ծրագրերը մոտակա 2-5 տարվա համար, արդեն գիտեն՝ ինչ կարելի է անել կրթության որակի բարելավման ուղղությամբ»,- ասում է պարոն Թոփչյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930