Այսօր` սեպտեմբերի 16-ին, Ազատամարտիկների դաշինքի անդամներն այցելել են Արարատի մարզ, այս մասին Aravot.am-ին հայտնեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ազատամարտիկներն Արարատ քաղաքում ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի արձանին, այնուհետեւ գնացել են Սուրբ Նշան մատուռ, որտեղից տարիներ առաջ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ առաջին անգամ երդվել եւ կռիվ են գնացել շուրջ 500 ազատամարտիկ: Այնուհետեւ Ազատամարտիկների դաշինքի անդամները հանդիպում են ունեցել Արարատի մարզի ազատամարտիկների հետ` ներկայացնելով իրենց ծրագրերը: Իսկ մարզի ազատամարտիկներն էլ, նրա խոսքերով, ոգեւորվելով միացել են իրենց դաշինքին:
«Մենք ազատամարտիկներով դաշինք ենք կազմում եւ Հայաստանում եղած բոլոր-բոլոր ջոկատները պիտի համախմբենք: Մենք էլ զրույցներ ենք ունենում մեր ընկերների հետ, պարզաբանում մեր ծրագրերը եւ ըստ այդմ առաջ ենք ընթանում: Փառք Աստծո, մեր տղերքը բոլորը մեզ հասկանում են, եկել է ժամանակը ուս ուսի տալու` անկախ նրանից իշխանություններն ինչպես են ուզում մեզ ուղղորդել կամ խուճապ են առաջացնում. Նրանք մոռանում են մի բան` մենք ազատամարտիկ ենք, այսինքն` ազատության մարտիկ, իսկ դա նշանակում է, որ մեր երկրի ազատությունն այսօր վտանգի տակ է` շնորհիվ ապօրինի իշխանությունների»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Aravot.am-ը խոսեց նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ: Վերջինս նշեց, որ ժողով չի եղել, պարզապես եղել է մարտական հանդիպում.
Կարդացեք նաև
«Ամեն մի հանդիպումից հետո ազատամարտիկներից յուրաքանչյուրը կամա, թե ակամա իրեն շոյված է զգում: Մենք խոսում ենք մեր ցավերի մասին , մարդիկ թեթեւություն են զգում, ինչո՞ւ չէ մարդիկ կան, ում մեջ պայքարի ավյուն է առաջանում: Ամեն դեպքում` սա ավելի շատ ընկերական հանդիպում էր»:
Մանվել Եղիազարյանը հավելեց, որ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում որոշվել է, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 20-ին այցելելու են Եռաբլուր. «Գնդի ձեւավորման օրն է, գնդի տղաներն են գալու, եւ ջոկատներով դաշինք ենք կազմելու: Այնուհետեւ գնալու ենք եւ տոնելու ենք սեպտեմբերի 21-ը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ