Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն անդրադարձել է որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ «Առավոտի» ահազանգին

Սեպտեմբեր 16,2014 17:53

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով վերանորոգվող 57 կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններից 50-ում աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների շինարարական աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև կազմել նախագիծ-նախահաշիվ 2015 թվականին վարչական մյուս շրջաններում ևս շախմատի դպրոցներ հիմնելու նպատակով:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում ուսումնական տարվա մեկնարկից դպրոցներում հատուկ հսկողություն է իրականացվում դրամահավաքության, ինչպես նաև դպրոցներում տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ այլ իրերի վաճառքի հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Հսկողության արդյունքում որևէ դեպք չի հայտնաբերվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Անդրադառնալով հանրակրթական որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ օրեր առաջ լրատվամիջոցներով հնչած ահազանգին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել դասագրքերի օգտագործման և պահպանման նկատամամբ, նաև օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել արձանագրված դեպքը բացահայտելու ուղղությամբ:

«Նախորդ շաբաթ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին հանրակրթական դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքի մասին, ինչը մտահոգիչ է ու պահանջում է հրատապ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Որևէ մեկն իրավունք չունի վաճառել դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից վարձակալական հիմունքներով դպրոցներին տրամադրված դասագրքերը: Ըստ այդմ, ուսումնասիրեք խնդիրն ու ձեռնարկեք անհրաժեշտ բոլոր քայլերը մեկ օր շուտ դեպքը բացահայտելու ուղղությամբ, ինչը, համոզված եմ, կկանխի գրքերի վաճառքի հետագա փորձերը: Ուսումնասիրություններից և ստուգայցերից հետո, անհրաժեշտության դեպքում, նյութերն ուղարկեք ոստիկանություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ընթացիկ աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ նորոգման ենթակա 976 հազար քմ ասֆալտբետոնե ծածկից արդեն իսկ վերանորոգվել է 766 հազար քմ-ը, ավարտվել է նաև թվով 9 փողոցների հիմնանորոգումը: Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել որակի ապահովման նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը և գործընթացը պահել մշտական ուշադրության ներքո:
Բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված 115 հազար 662 քմ-ից վերանորոգվել է 89 հազար 553 քմ-ը: Բացի այդ, իրականացվող աշխատատանքները վերահսկվում են բնակիչների կողմից: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է տանիքների նորոգման, ինչպես նաև նոր շենք-շինությունների կառուցման ընթացքում հատուկ հսկողություն սահմանել տանիքների թիթեղների միանման տեսքի ապահովման նկատմամբ և ձեռնարկել համապատասխան քայլեր:

16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ 24 շենքերում աշխատանքներն ավարտված են, և շուրջ 750 բնակիչ արդեն իսկ միացել է գազամատակարարման ցանցին, ևս 400-ը բաժանորդագրված է: Նշվել է նաև, որ թաղամասի 5 շենքերի բնակիչներ, ինքնակամ միջամտությունների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, հրաժարվում են շենքի գազիֆիկացումից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս հանդիպել բնակիչների հետ և քննարկել հարցը:

«16-րդ թաղմասի գազիֆիկացման խնդիրը վերջին 20 տարիներին ամենասպասված ծրագիրն էր աջափնյակցիների համար, որն այս երկու տարիներին մենք կարողացանք կյանքի կոչել և, ըստ էության, ավարտել: Սակայն մտահոգիչ է, որ դեռևս 5 շենքերում խնդիրը շարունակում է արդիական մնալ: Այս ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տանել: Մեկ անգամ ևս տեղում հանդիպեք բնակիչների հետ, զրուցեք և փորձեք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որից հետո միայն, եթե բնակիչները կրկին կհրաժարվեն գազիֆիկացման հնարավորությունից, ապա նոր միայն հարցը համարենք փակված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մշտական խնամք է տարվում կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ, կազմակերպվում են ոռոգման և խոտհնձի աշխատանքներ, իրականացվում է նաև ծառերի կրապատում: Ոռոգման աշխատանքներն առավել համակարգված դարձնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել և համապատասխան առաջարկություններ ներկայացնել խորքային հորեր գործարկելու և այդպիսով, անհրաժեշտության դեպքում, այլընտրանքային ոռոգում ապահովելու նպատակով:

Զեկուցվել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների, բակային տարածքների սանիտարական մաքրման նկատմամբ: Նշվել է նաև, որ պարբերաբար գույքագրվում են ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրված աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացվում են նորերով: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների կողմից համայնքային գույքի՝ աղբամանների վնասման և դրանց անհետացման դեպքերին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ՝ քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքում կազմակերպել շաբաթօրյակի աշխատանքներ:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել են նաև մշտական հանձնարարականները, որոնց վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930