Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ Օհանյան. «Ես ՀՀԿ անդամ եմ դեռևս տարվա սկզբից»

Սեպտեմբեր 16,2014 18:02

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, որը Արդարադատության խորհրդի կողմից դատավորի լիազորություններից զրկվելուց որոշ ժամանակ անց հարում էր ՀԱԿ-ին եւ, մասնավորապես հայտարարել էր, թե սիրով կընդունի ՀԱԿ ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հրավերը, այս տարվա մայիսի 14-ին «Ֆեյսբուքի» իր էջում արել էր մի գրառում, որը մեջբերում ենք հատվածաբար.

«Կուսակցություննե՜ր, կուսակցություննե՜ր՝ ինչ շռայլություն մի փոքրիկ պետության համար, որի ժողովուրդը միասնական պետք է լինի,գաղափարախոսությունը (հոգևոր,աշխարհաքաղաքական և այլն) մեկը՝ազգայինը (քրիստոնեականը), մտածելակերպը՝պետական,հայրենասիրական…

«Հայը պատճառ չունի կուսակցականանալու, իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը և երեկվա մեր եղեռնը կբավեն գիտակցելու,որ հայը կուսակցականալու նաև (անգամ) իրավունք չունի»: ( Գ.Նժդեհ, հտ 1,Երևան,2002)

Բազմաթիվ կուսակցություններ ջանք չեն խնայում՝ հային կուսակցականացնելու և, այդպիսով, փաստորեն, (հայ) ազգը պառակտելու համար, իրենց գործողությունները (գործունեությունը) համարելով «քաղաքական»՝ հանուն նույն ազգի, հայրենիքի, պետության, իսկ իրականում թուլացնելով պետությունը. քանզի չի կարող ուժեղ լինել, եթե ազգը միասնական չէ, պառակտված է՝ տարբեր քաղաքական գաղափարախոսությունների, կրոնական հոսանքների և այլնի…

«Կեղծ եվրոպականության գերի հայ կուսակցությունները կրոնական պաղություն (սառնություն) մտցրին հայ ժողովրդի մեջ» (Գ.Նժդեհ՝ նույն տեղում):

Երբեք կուսակցական չեմ եղել. դեռևս խորհրդային տարիներից՝1986 թվականից լինելով իշխանության մեջ (դատախազությունում) ցանկություն չեմ ունեցել կուսակցականալու (վերջում իրենք էին խնդրում)…

Կոչ եմ անում դառնալ իսկապես մեկ կուսակցություն՝ ժողովուրդ. եթե կարող ենք՝մասնակցենք (օգնենք, օժանդակենք) պետության կառավարմանը… չընդդիմանանք, չհակադրվենք ինքնանպատակ՝ հանուն իշխանության. առողջ (միասնական) ընդդիմությունը պետք է՝ իշխանությանը (ամենաթողությունից) «սանձելու» համար. ցավոք, որը (միասնականը) չունենք. ընդդիմադիր կուսակցություններ շատ ունենք, սակայն առողջ, միասնական, իսկապես ժողովրդի մասին մտածող Ընդդիմություն չունենք…

Ժողովողի (Աստվածաշունչ) գրքում այսպիսի խոսք կա. «Կենդանի շունն ավելի լավ է, քան սատկած առյուծը» (Ժող 9.4);

Իմ ընտրությունը (հասկանալով, որ միևնույն է քաղաքականացվել եմ և դրանից խուսափել չեմ կարող) կանգ առավ «կենդանի շան»վրա, որովհետև հասկացա, որ այո, եթե կուզեք, շան հավատարմություն ու հնազանդություն (ինչպես խրատում են Պողոս, Պետրոս առաքյալները) է հարկավոր յուրաքանչյուրիցս իշխանություններին, եթե կանգնած ենք հոգևոր, ռազմական, տնտեսական, և արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների առաջ.

Եվ այսպես՝ ես ՀՀԿ անդամ եմ դեռևս տարվա սկզբից. պատրաստ ծառայել՝ պարտականություններ կրել (և ոչ մի իրավունք)՝ հանուն  (ի սեր) Աստծո, մեր քրիստոնյա հայրենիքի, մերձավորիս (ընկերոջս)»:

Իսկ օրերս «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում բացատրելով իր որոշման դրդապատճառները՝ Պարգեւ Օհանյանն ասաց. «Մի քանի նկատառումներով. առաջին` որ իմ վրա է՛լ հույս չդնեն մյուսները: Մյուս կուսակցությունները, որտեղ շատ ակտիվ դեմքեր կան, աշխատում են, բաց ես չեմ կարծում, որ օգտակար գործ են անում, ավելի շատ վնասակար գործ են անում…

Երկրորդ նկատառումը՝ ես հասկացա, որ հայտնվել եմ ինչ-որ լուսանցքում, եթե ոչ բորոտի կարգավիճակում: Եվ բնական եմ համարում, նորմալ է: Ասված է չէ՞, որ երևան նրան, ով կհալածվի: Ես հասկացա, որ թեև բորոտ, բայց կարող եմ օգտակար լինել մեր երկրին, որը խորտակվող, չասեմ խորտակվող, այլ ալեկոծվող նավի կարգավիճակում է: Այդ նավի ղեկին Հանրապետական կուսակցությունն է` իր սխալներով: Ես ուզեցի այնտեղ լինել մեկ մետրի վրա, թե հինգ, բայց ափին չլինել: Ափից շատ հեշտ է հայհոյել, թե` արա, աջ քաշի, ձախ քաշի, էն ֆուտբոլ նայողները ոնց են` դե խփի, ինչի պաս չտվեցիր: Ես հասկացա, որ պետք է նավի վրա լինեմ: Նավը ինձ չի տեսնում, նավի մեջ ինձ չեն նկատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ| says:

    Իշխանության մեջ՝ նույն դատախազությունում աշխատել եմ 1975-ից, ընդ որում՝ Ուկրաինայում, ուր ռեժիմն ավելի անհանդուրժող էր, քան Հայաստանում:
    Համընդհանուր պարտադրանք էր ԽՄԿԿ անդամ լինելը, բայց ամեն հնարավոր եւ անհնար միջոցներով կարողացա խույս տալ դրանից ու, աշխատելուս ամբողջ ընթացքում եղել եմ ԽՍՀՄՙ դատախազության երեւի թե միակ անկուսակցական աշխատողը:

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Ամոթ քեզ, Պարգև, դու էլ գայթակղվեցիր…!!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930