Սեպտեմբերի 12-15-ը ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոսի պարտականություններ կատարող տիկին Անահիտ Բարսեղյանը աշխատանքային այցով գտնվում էր Ջավախgում:
Այս օրերի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Ջավախքի տարբեր շրջաններում և գյուղերում ապրող մարդկանց հետ:
Բացի հյուպատոսական ծառայություններ մատուցելուց, այցի նպատակն էր նաև Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի նոր էմիգրացիոն կարգը հասանելի դարձնելու համար:
Այս տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտավ Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին նոր օրենք:
Այն մարդիկ, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն և ժամանակի ընթացքում կորցրել Վրաստանի քաղաքացիությունը, նոր օրենքի համաձայն պարտավոր են երեք ամսվա ընթացքում դուրս գալ Վրաստանի տարածքից և երկարաժամկետ արտոնագիր կամ կեցության իրավունք ստանալու համար ՀՀ-ում դիմել Վրաստանի դեսպանությանը, հակառակ դեպքում տվյալ անձինք կտուգանվեն ու կզրկվեն Վրաստան մուտք գործելու իրավունքից:
Հայաստանի հանրապետության հյուպատոսին ամենուր ուղեկցում էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը:
Հանդիպման ընթացքում ջավախքցիներին ամենաշատը հուզում էր այն փաստը, որ շատերը տարբեր երկրների քաղաքացիներ են հանդիսանում և ամեն օր առնչվում են փաստաթղթային խնդիրների հետ: Այդ իսկ պատճառով էլ հույժ կարևոր էր սույն հանդիպումը:
Հյուպատոսը հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակը և մարդկանց անելիքները, որպեսզի հետագայում չարտաքսվեն Վրաստանից և տուգանքներ չմուծեն: Քանի որ Ջավախքում բնակչությունը չի տիրապետում պետական՝ վրաց լեզվին, դրա համար էլ շատերը Վրաստանի նոր էմիգրացիոն օրենքի մասին զարմանքով տեղեկացան:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան