Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Արաբյանին վրացիները համարում են Պուտինի մարդը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2014 17:04

«Ես ոչ պոլիտիկ եմ, ոչ լիդեր եմ, ես հասարակական գործիչ եմ»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը` կոչ անելով ցեղասպանության 100-ամյակի առիթով 2015 թվականը թուրքական ապրանքների ու հանգստավայրերի բոյկոտ հայտարարել:

Վրացական իշխանությունները Աղասի Արաբյանին համարում են ՌԴ նախագահ Պուտինի մարդը, այդ իսկ պատճառով ջավախեցի Աղասի Արաբյանը չի կարողանում այցելել Ջավախքում գտնվող ծնողների գերեզմանին:

 


Անդրադառնալով ջավախահայերի խնդիրներին, պարոն Արաբյանն ասաց, որ ամենաշատն իրենց հուզում է լեզվի հարցը: Բացի այդ, ջավախահայերի միության նախագահը հարց է բարձրացնելու Ախալքալաքում կառուցվող վրացական ուսումնական բազայի դեմ, որը լինելու է ռուսական զինվորական բազայի փոխարեն, ինչը շատ վտանգավոր է: Այս առիթով Աղասի Արաբյանը մի շարք մտահոգություններ ունի: Ըստ նրա, քանի որ Վրաստանը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ նրան ամենամոտ հարեւանն այդ առումով էլ Թուրքիան է, ապա հասարակական գործիչը համոզված է, որ ուսումնական բազայի համար ուսուցիչներին հրավիրելու են Թուրքիայից. «Եթե ուսուցիչները գան, նրանք պետք է բերեն իրենց ընտանիքներին, այսինքն՝ վրացիներն ուզում են դեմոգրաֆիկ փոփոխություն անել, այդ տարածքները բնակեցնել թուրքերով: Իսկ Ջավախքով անցնում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ»:

Ըստ Աղասի Արաբյանի, վրացական իշխանությունները որոշել են Նինոծմինդայի հենց կենտրոնում վրացական եկեղեցի կառուցել, չնայած այնտեղ 10 վրացի էլ չի բնակվում: Նրա համոզմամբ, այդ նպատակն էլ միտված է վրացիներով բնակեցնել Նինոծմինդան: Պարոն Արաբյանին նաեւ մտահոգում է ջավախահայերի արտագաղթը հայրենի բնակավայրերից` աշխատատեղերի բացակայության պատճառով:
Ջավախեցիների համար խնդիր է նաեւ Ռուսաստան մեկնելուն խոչընդոտող վիզային ռեժիմը, ուստի Աղասի Արաբյանը որոշել է այդ հարցով դիմել Գյումրիում գործող ռուսական հյուպատոսությանը, որպեսզի ջավախահայերը հնարավորություն ստանան, այս հյուպատոսության միջոցով ժամանակավոր վկայական ստանան եւ առանց վիզայի մեկնեն ՌԴ:

Թե ինչու հասարակական գործիչը չի եկել Հայաստան, երբ նրա դեմ հալածանքներ են սկսել վրացի իշխանությունները, պարոն Արաբյանն ասաց, որ 90-ականներին Հայաստանում էլ մութ ու ցուրտ տարիներ էին, իսկ նրա բարեկամները հիմնականում Ռուսաստանում են եղել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930