Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթը «ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովում

Սեպտեմբեր 16,2014 16:58

 

16 սեպտեմբերի 2014թ., Երեւան: Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
Տարեսկզբից իշխանությունը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, ինչը պետք է նպաստի պետության բնականոն զարգացմանը, եղած առկա հիմնախնդիրների լուծմանն ու իրավիճակի բարելավմանը: Այդ նպատակով ստեղծվեց նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ ՍԴ նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այնուհետեւ հետագա ընթացքը ցույց տվեց, որ սահմանադրական բարեփոխումներն իշխող քաղաքական ուժի համար դարձել են քաղաքական թիվ մեկ օրակարգը: Կարճ ձեւակերպմամբ՝ իշխանությունների հիմնական փաստարկը հետեւյալն է` գործող սահմանադրությունը մարդակենտրոն չէ, այսինքն՝ այն չի բխում մեր քաղաքացիների շահերից, այն, ըստ էության, խոչընդոտում է պետության բնականոն զարգացմանը, եւ օր առաջ անհրաժեշտ է արմատապես բարեփոխել գործող սահմանադրությունը: Այս հարցի հետ կապված քաղաքական դաշտում քայլ առ քայլ ձեւավորվեցին երկու հակադիր բեւեռներ. մի բեւեռում քաղաքական մեծամասնությունն է, որն ամեն գնով փորձում է իր այս առաջնահերթությունը օր առաջ եւ սահմանված ժամկետում իրականացնել, մյուս բեւեռում քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունն է եւ մասնավորապես՝ խորհրդարանական վեց ուժերից առնվազն չորսը, ինչպես նաեւ արտախորհրդարանական մի շարք ուժեր, որոնք, հիմնականում դեմ չլինելով սահմանադրական բարեփոխումներին, ավելին, նույնիսկ կողմ լինելով պետական կառավարման խորհրդարանական համակարգին, իրենց համապատասխան փաստարկներով ու առաջարկություններով գտնում են, որ այս պահին պետության մեջ ստեղծված իրավիճակի պատճառը առկա սահմանադրությունը չէ:
Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում քիչ չեն այն դեպքերը, երբ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամերը օրվա իշխանությունները փորձել են ձեւակերպել որպես սահմանադրական ճգնաժամ, ինչի պատճառով կամ նոր սահմանադրություն են ընդունել, կամ փոփոխությունների են ենթարկել գործողը, բայց հետագայում կյանքն ապացուցել է, որ փոփոխված նոր պայմաններում ավելի է խորացել քաղաքական ճգնաժամը, ինչը, ի վերջո, ավարտվել է արմատական կամ հեղափոխական լուծումներով, հիմնականում` իշխանափոխությամբ:
«Ժառանգությունն» ի սկզբանե հայտարարել է, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին, առավել եւս, որ մեր ծրագրային հիմնադրույթներում պետական կառավարման համակարգը Հայաստանի համար դիտում ենք խորհրդարանական կամ, ինչպես ընդունված է ասել՝ վարչապետականը, ինչի նախընտրության մասին բոլորովին վերջերս հայտարարեց համապատասխան հանձնաժողովը: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ կարող է դեմ լինել ժամանակի կտրվածքով սահմանադրական բարեփոխումներին: Պետությունը կենդանի օրգանիզմ է, եւ բնական է, որ ժամանակին համընթաց կարող է փոխել սահմանադրական շեշտադրումները՝ պետության բնականոն զարգացմանը չխանգարելու համար: Սա պետք է դիտել որպես աքսիոմատիկ ճշմարտություն: Բայց մեկ կարեւորագույն պայման պետք է ի նկատի ունենալ` եթե գործող Սահմանադրությունը խոչընդոտում է պետության զարգացմանը կամ երկրում առկա է սահմանադրական ճգնաժամ: Այս կարեւորագույն պայմանը նկատի ունենալով՝ «Ժառանգության» մոտեցումն հետեւյալն է՝ արդյո՞ք այս պահին պետության մեջ ստեղծված բավականին ծանր վիճակը պայմանավորված է Սահմանադրությամբ: Արդյո՞ք լիարժեք կյանքի են կոչվում գործող սահմանադրական նորմերն, այն օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է գործող սահմանադրության տրամաբանության շրջանակներում ապահովեն պետության բնականոն զարգացումը: Մեր գնահատմամբ՝ ոչ: Այս առումով կփորձեմ բերել մի քանի փաստեր եւ օրինակներ, հատկապես, որ իշխանությունը եւ նրա ազդեցության տիրույթում գործող քարոզչամիջոցները հրապարակ են նետել այն համոզումը, որ ընդդիմությունն առանց լուրջ փաստարկների հայտարարում է, թե չի ուզում մասնակցել բարեփոխումների գործընթացին, դեմ է բարեփոխումների եւ… վերջ: Օգտվելով պատեհ առիթից, որ խորհրդաժողովին ներկա են ինչպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական մեծամասնության հարգելի ներկայացուցիչներ, առանձին օրինակներով կանդրադառնամ մեր դիրքորոշման փաստարկումներին եւ ակնկալում եմ, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները իրենց ելույթներում կանդրադառնան այդ օրինակներին:
Առաջին. սահմանադրական հոդվածներ, որոնք օրվա իշխանությունների վերարտադրման նպատակով անթաքույց չեն իրականացվում կամ ուղղակի ոտնահարվում են օրվա իշխանությունների կողմից:

Դրանցից առաջինը Սահմանադրության երկրորդ հոդվածն է, որում հստակ նշված է՝ իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի կողմից: Չեմ կարծում, որ Հայաստանում կարող է լինել պետության քաղաքական կյանքին, նրա ներքին խոհանոցին տեղյակ որեւէ մեկը, որ կասկածի տակ չի առնելու սահմանադրական այս չափազանց առանցքային եւ կարեւորագույն դրույթը: Ցավոք, այդպես էլ մեր ժողովուրդը չկարողացավ վայելել իր կողմից ազատ ու արդար ընտրություններով ձեւավորվող իշխանության հաճույքը, իսկ նախորդ տարվա փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները եկան մեկ անգամ եւս փաստելու, որ ժողովուրդը չէ, որ ձեւավորում է իշխանությունը:

Երկրորդ ակնհայտ փաստը, երբ տարիներ ի վեր օրվա իշխանությունների կողմից ակնհայտ ոտնահարվում է Սահմանադրության մեկ այլ կարեւորագույն նորմ: ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածում իմպերատիվ նշված է. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Այսօրվա գործող Ազգային Ժողովում ակնհայտորեն քիչ չեն գործարար աշխարհի ներկայացուցիչներ, որոնց համար խորհրդարանական գործունեությունը մղված է չորրորդական պլան կամ, ընդհանրապես, բացակայում է:
Եվ վերջապես, գործող Սահմանադրությունը, որոշակի թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների՝ միմյանց հակակշռելու եւ միասնական գործելու անհրաժեշտություն-հնարավորությունը: Գաղտնի՞ք է, որ այս՝ սահմանադրորեն հակակշիռներ ապահովող եռամիասնությունն, այսօր գոյություն չունի: Ակնհայտ է, որ բոլոր ոլորտները ղեկավարվում են գործադիր իշխանության, իսկ ավելի ստույգ՝ օրվա գործող նախագահի կողմից:
Իսկ այժմ օրինակներ, երբ գործող մի շարք օրենքներ, որոնք սահմանադրական նորմերի հետ որեւէ կապ չունեն, ակնհայտորեն խոչընդոտվում է ընտրական եւ քաղաքական համակարգի կայացմանը, որն արդյունքում ապահովում է օրվա իշխանությունների վերարտադրումը: Կարծում եմ հասկանալի է, որ խոսքը նախ եւ առաջ վերաբերում է մեր ընտրական համակարգին, ինչը կարգավորվում է բացառապես ընտրական օրենսգրքով:
ԱԺ վերջին գումարման ընթացքում խորհրդարանական երկու խմբակցություններ, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», որպես հրատապ հարց, խորհրդարանի քննարկմանը ներկայացրեցին ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ՝ մի քանի առաջարկների հետ միասին առաջարկելով նաեւ հրաժարվել 41 մեծամասնական մանդատից: Նախագիծը պաշտպանվեց խորհրդարանի ոչ իշխանական ուժերի կողմից: Որպեսզի նշեմ, թե որքանով է այն խոչընդոտում ընտրական համակարգի կայացմանը եւ ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու սկզբունքին, ընդամենը բերեմ մեկ փաստարկ` եզրակացությունը թողնելով ձեզ. 41 մեծամասնական մանդատը կազմում է խորհրդարանի ընդհանուր՝ 131 մանդատների 33 տոկոսը: 33 տոկոս մանդատ ունենալը որեւէ նորմալ, նույնիսկ նոր զարգացող ժողովրդավարական պետություններում արդեն դիտվում է համեմատական մեծամասնություն: Կարծում եմ՝ ձեզ պետք չէ բացատրել, որ մեծամասնականով, շատ փոքրիկ բացառությամբ, խորհրդարան է ներթափանցում օրենսդրական գործունեության եւ քաղաքականության հետ աղերս չունեցող մարդիկ, որոնք գուցեեւ կյանքի այլ ոլորտներում բանիմաց են եւ գործունյա, բայց հանգամանքների բերումով, իսկ շատ դեպքերում՝ ոչ իրենց կամքով հայտնվում են խորհրդարանում, որպեսզի հետագայում ծառայեն իշխող քաղաքական ուժի տրամադրություններին ու ցանկություններին: Իսկ եթե դրան ավելացնենք այն ճչացող երեւույթը, որ ընտրությունների ժամանակ ամբողջ ֆինանսատնտեսական, ուժային ռեսուրսները, ինչպես նաեւ իշխանություններին հիմնականում սերտաճած քրեական տարրը աշխատում է օրվա իշխանությունների օգտին, հասկանալի կլինի, որ մեր ընտրողին գործնականում բացառվում է ընտրությունների միջոցով փոխել օրվա իշխանություններին:

Մեկ այլ հարցի մասին, որը նույնպես բացարձակապես որեւէ առնչություն չունի Սահմանադրությունը բարեփոխելու հետ. խոսքն ընդդիմությանը օրենքով վերահսկողական լծակներ տալուն է վերաբերում, ինչն ընդունված է ժողովրդական ուղին որդեգրած երկրներում: Այն հնարավորություն կտա ընդդիմությանն օրենքով ունենալու վերահսկիչ լիազորություններ` վերահսկելի եւ հրապարակային դարձնել գործադիր եւ դատական իշխանությունների աշխատանքը, հետեւաբար՝ նպաստել կոռուպցիոն դրսեւորումների, արդեն լուրջ քաղաքական գործոնի վերածված ատկատների վերացմանը, վերահսկել պետական բյուջեի իրականացումը: Միջազգային պրակտիկայում ընդդիմությանը վերահսկիչ լիազորություններ տրվում են կամ տվյալ պետության պառլամենտի մասին կանոնակարգ օրենքներով, կամ խորհրդարանական ընդդիմության մասին օրենքով: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը բազմիցս բարձրացրել են այս հարցը, ավելին, քառյակի կողմից կառավարությանը ներկայացված առաջարկություններից մեկը հենց այս հարցին է վերաբերում: Իշխանությունն ամենատարբեր, հաճախ՝ ծիծաղելի պատճառաբանություններով, մերժում է ընդդիմության առաջարկությունը: Կարող եմ շարունակել թվարկումները, բայց ժամանակի սղության պատճառով այստեղ կանգ կառնեմ եւ հարցս ուղղում եմ քիչ հետո ելույթ ունեցող Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչներին ու քաղաքական մեծամասնության իմ գործընկերներին. այսքան ակնհայտ փաստերի դեպքում, երբ ակնհայտ է, որ, մեր կարծիքով, գործող իշխանությունը քաղաքական կամքի բացահայտ բացակայության պատճառով, ոտնահարում է սահմանադրական նորմերը, ինչ-որ օրենքներ պարտադրելով` խոչընդոտում է ընտրական եւ քաղաքական համակարգի կայացմանը, կարելի՞ է վստահել այդպիսի իշխանության նախաձեռնությանը, որի հրապարակային կարգախոսն է` սահմանադրական բարեփոխումների նպատակն է այն դարձնել մարդակենտրոն եւ, ընդհանրապես այդ փոփոխությունների միջոցով լուծել պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները: Հարցը հռետորական չէ, եւ այս խորհրդաժողովի հիմնական նպատակներից մեկ էլ այն է, որ հրապարակային ձեզ փոխանցենք մեր հարցադրումները` պատասխաններ ստանալու ակնկալիքով:

Եթե նկատեցիք, ես չանդրադարձա նախատեսվող բարեփոխումների բովանդակությանն ու հայեցակարգին, եւ դա սկզբունքային մոտեցում է մեր կողմից: Մտնել բովանդակային քննարկումների մեջ, նշանակում է չընդունել այս պարզ ճշմարտությունները:
«Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին, առավել եւս ունի ծրագրային հայեցակարգ սահմանադրական բարեփոխումների հարցում, եթե քաղաքական մեծամասնությունը եւ մասնագիտական հանձնաժողովը քննարկի եւ ընդունի այն ակնհայտ առաջարկությունները, ինչի մասին ես արդեն խոսեցի իմ ելույթում եւ ինչը համառոտ կներկայացնեմ ձեր ուշադրությանը.
1. Ընտրական օրենսգրքի փոփոխություն` հիմքում ունենալով նախորդ գումարման ժամանակ ՀՅԴ-Ժառանգություն խմբակցությունների 11 կետից բաղկացած ամբողջական փաթեթը, ինչը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից,
2. ԱԺ-ն առաջիկայում պետք է ընդունի օրենք «Խորհրդարանական ընդդիմության մասին»՝ օրենքով ընդդիմությանը օժտելով վերահսկողական լուրջ լծակներ, ինչին մասնակիորեն անդրադարձա իմ ելույթի ընթացքում: «Ժառանգություն» խմբակցությունը առաջիկայում այդ օրենքի նախագիծը կդնի շրջանառության մեջ,
3. Եթե, իսկապես, իշխանությունը գտնում է, որ Սահմանադրությունը մարդակենտրոն չէ եւ իր բովանդակությամբ խոչընդոտում է պետության բնականոն զարգացումը, ապա տրամաբանական է, որ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո, արդեն բարեփոխված Սահմանադրությամբ անցկացնել համապետական նոր ընտրություններ: Օրենքով սահմանված ժամկետները նկատի ունենալով, ընտրությունները կարող են տեղի ունենալ 2016թ. գարնանը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930