Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ոմանք իրենց կարճ հաշվարկներով փորձում են ՀՀ ոստիկանապետի դեմ պայքար սկսել»

Սեպտեմբեր 16,2014 16:48

«Ոմանք իրենց կարճ հաշվարկներով այսօր փորձում են ՀՀ ոստիկանապետի դեմ պայքար սկսել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` թեժ աշնան կողմնակիցներին «սառը ցնցուղ» խոստանալու հայտարարությանը, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսպիսի հայտարարություն էր արել «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:
Ոստիկանապետի հայտարարությունը ընդդիմադիր ուժերի կողմից տարբեր կերպ գնահատվեց:

Կարեն Ավագյանի տպավորությամբ`որոշ մարդիկ հավանաբար անհանգստացել են Վլադիմիր Գասպարյանի այն մտքից, թե Աստված չանի՝ սեփական փառասիրության, հարստության կամ ռևանշիզմի համար որևիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ: Այնուհետև պատգամավորը պարզաբանեց. «Չակերտավոր սառը ցնցուղն էլ վերաբերում է օրինազանցներին ու երկրի ճակատագրի հետ խաղալ փորձողներին։ Որոշ գործիչներ հավանաբար անհանգստացել են, որ իրենց հետ սկսել են օրենքի տառով խոսել, ու չգիտես ինչու՝ հիշել են ուլտիմատումի ժանրը»:

Կարեն Ավագյանը հորդորում է «ուլտիմատումների լեզվով չխոսել» ու հիշեցնում. «Վերջնագրերի լեզուն քաղաքականության մեջ ընդունված չէ, ուստի ճիշտ կլինի քաղաքական գործունեության ընթացքում ուլտիմատումներով չխոսել։ Իսկ սառը ցնցուղը, անկախ սեզոնից, իրոք, շատ հարմար տարբերակ է ցանկացած պարագայում սթափվելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Նախապես ասեմ, որ ես դեմ եմ իշխանափոխության նպատակով կազմակերպվող ցանկացած միտինգի՝ դրա համար կան ընտրություններ:
    Հավանաբար պարոն Ավագյանը չի տեսնում, կամ չի ուզում տեսնել ոստիկանության համակարգում կատարվող իրողությունը, կապված կոռուպցիայի, կադրային անօրինական՝ վճարովի տեղաշարժերի և այլ արատավոր երևույթների հետ: Ինչ վերաբերվում է երկրի ճակատագիրը որոշողներին, ապա դա հաստատ ոստիկանապետը չէ, այլ ժողովուրդը, կամ գոնե նախագահը, իսկ որստիկանապետը պետք է ոչ թե քաղաքական հայտարարություններ անի ու մատ թափ տա, այլ իր համակարգով զբաղվի: Բացի դրանից ոստիկանապետի մոտ էլ չեն պակասում փառասիրությունն ու հարստությունը:
    Այստեղ հավանաբար էականը ոչ թե այն է, թե ինչ է ասվել, այլ այն, թե այդ միտքն արտահայտողն ուներ արդյոք այդ բարոյական իրավունքը թե ոչ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930