«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված են հետևյալ պետական տուրքի դրույքաչափերը.
1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը – 5.000 ՀՀ դրամ,
2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը – 1.000 ՀՀ դրամ,
3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը – 10.000 ՀՀ դրամ,
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը – 5.000 ՀՀ դրամ,
5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար – 3.000 ՀՀ դրամ,
6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար – 1.000 ՀՀ դրամ,
7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար – 30.000 ՀՀ դրամ,
8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը – 3.000,
9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար – 2.000 ՀՀ դրամ,
10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար – 1.000 ՀՀ դրամ,
11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար – 2.000 ՀՀ դրամ,
12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար – 1.000 ՀՀ դրամ,
13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար – 2.000 ՀՀ դրամ:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
1. կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար,
2. քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար,
3. ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
4. անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարում սահմանված չէ ծննդի, մահվան և ՀՀ քաղաքացիների կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին