Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչների մեծ մասը ոչ մի երկխոսության պատրաստ չէ թուրքերի հետ, քանի որ, ըստ նրանց, գազանների հետ լեզու թրջելն անիմաստ է: Վերջիններս թեև ականատես չեն եղել իրենց գյուղում թուրքերի կատարած վայրագություններին, սակայն նախնիների պատմությունները դաջվել է հիշողությունների մեջ: 1918 թվականին թուրքերը, ներխուժելով Մարալիկի հարակից գյուղեր ու գերեվարելով բնակիչներին, Ձիթհանքով գյուղի 3 մարագներում մոտ 800-1000 հոգու խարույկի վրա այրել են: Այս գյուղի բնակիչներից շատերի հարազատներն են ցեղասպանվել, շատերի հիշողության մեջ մնացել է այրվող մարդկանց օգնություն հայցող աղերսանքներն ու ճիչը, նաև նրանց գանգերը: Ցանկացած ուրախության ժամանակ անգամ այս գյուղի բնակիչները պարտադիր հիշում են գյուղի մարագներում այրված մարդկանց:
Ձիթահանքովի 78-ամյա Հովհաննես Սարդարյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր ընտանիքի դաժան պատմությունն այդ տարիներին: «Տատիկս թուրքերի ներխուժումից հետո վերցրել է մեր ընտանիքին, երկու փոքր եղբայրներիս ու փորձել փախչել: Ճանապարհին եղբայրներս ծարավել են, ջուր են ուզել, երբ տատս գնացել է ջուր բերի, խուժանը հենց ջրի վրա տատիս սպանել է: Մայրս երկու էրեխին առել, փախել է Մանթաշ, էնտեղ էլ կարմրուկ, քութեշ է տարածված եղել, երկուսը մի շաբաթվա մեջ մահացել են: Հետո նոր ծնվել ենք մենք` քույրերս, որից հետո 7 տարի ծնողներս երեխա չեն ունեցել: 7 տարի անց ծնվել եմ ես, 7 տարի կուրծք եմ կերել: Մորս մոտ հիշողությունները շատ դաժան էին, իր աչքերով է տեսել, թե ինչպես են թուրքերը սպանել, այրել մեր գյուղացիներին, հետո գանգերը ծածկել հողով ու հեռացել են: Էլ ի՞նչ երկխոսություն սրանց հետ»,- հուզվեց պապիկը:
Մանրամասները տեսանյութում `
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ