Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. «ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ»

Սեպտեմբեր 16,2014 15:45

«Եթե Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանը նախագահ չի ասել, դա արդեն որոշակի վկայություն է այն իրողության, որ ԲՀԿ-ն քառյակի ուժերի հետ համատեղ, ըստ էության, կոնսոլիդացված գնում է քառյակի ձևավորած օրակարգի իրականացման ուղղությամբ»,-Aravot.am-ի հարցին պատահակա՞ն էր արդյոք այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում հիշատակելով Սերժ Սարգսյանի անունը` չի նշել «նախագահ» բառը, այսպես արձագանքեց ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա տպավորությամբ` հարցազրույցում շատ հարցերի պատասխաններ արդեն սպառիչ տրվել են և հասարակության ներսում, լրատվական, քաղաքագիտական, վերլուծական շրջանակներում հայտնվող կասկածները վերջնականապես փարատվել:
Մեր հստակեցմանը, սա նշանակում է, որ ԲՀԿ-ն հայտ է ներկայացնում դառնալ ընդդիմությո՞ւն, Արման Մուսինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ մեր գործընկեր ԲՀԿ-ն, ըստ էության, արդեն տևական ժամանակ իր գործողություններով կանգնած է ոչ իշխանական քաղաքական ուժերի և հասարակության կողքին: Այստեղ պայմանական ընդդիմություն և այլընտրանք բառերի բառախաղ անելու փոխարեն կարող ենք հստակ արձանագրել, որ կանգնելով ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակության կողքին` ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ»:

Արման Մուսինյանի կարծիքով` այս աշուն որոշվելու է` քաղաքական ուժերից որոնք են գնում քաղաքական աղբանոց, որոնք` ոչ: Այս առիթով նա ասաց. «Նրանք, ովքեր կկանգնեն Սերժ Սարգսյանի վարչախմբի կողքին որևէ պատրվակով, ի վերջո հայտնվելու են քաղաքական աղբանոցում, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին, իրենք կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատ Հայաստանում առաջատար քաղաքական ուժեր»:
Անդրադառնալով Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի հարցով ամեն ինչ բացահայտված է, Արման Մուսինյանը նշեց. «Անկեղծ ասած մեծ մասով համաձայն եմ Աղվան Հովսեփյանի հետ, քանի որ մարտի 1-ի մասով գրեթե ամեն ինչ բացահայտված է, միայն թե այդ բացահայտումն արել են ՀԱԿ-ը, հասարակությունը, փաստահավաք խումբը: Ուղղակի մնում է, որ իշխանափոխությունից հետո այս բացահայտումը դառնա նոր քննչական խմբի ուսումնասիրության առարկա, և բոլոր նրանք, ովքեր մեղսակից են եղել ոճրագործությանը, կանգնեն դատարանի առաջ»:

Արման Մուսինյանը վստահեցրեց, որ քառյակը առաջիկայում չի հիասթափեցնի հանրությանը: Քննադատություններին ի պատասխան, նշեց իր ձևակերպմամբ քառյակի ձեռքբերումները. «Կարողացանք, ըստ էության, ստիպել վարչախմբին փոխել իր մոտեցումները կուտակայինի հարցի շուրջ, նահանջել, շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո հասանք նրան, որ պաշտոնից հեռացվեց Տիգրան Սարգսյանը: Եթե սա քաղաքական պասիվություն է, չգիտեմ, ինչ նկատի ունեք ակտիվություն ասելով: Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությամբ մենք թուլացրինք Սերժ Սարգսյանի վարչախմբին ու թե ում է նշանակել վարչապետ Սերժ Սարգսյանը, մեզ դա չի հետաքրքրում»:
Իշխանափոխության պահանջին վերաբերող հարցերին ի պատասխան Արման Մուսինյանը նշեց, թե «համբերատար» լինել է պետք, բայց նաև շեշտեց, թե ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ այն շռայլությունը, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի մինչև 2018-ը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930