Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Ժառանգության» կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ներկայացրեց իրենց փաստարկները, թե ինչու են ուզում փոխել Սահմանադրությունը: Նա վստահեցրեց, որ առաջին հերթին իրավունքի գերակայության համար է դա արվում,անկախ եւ անկողմնակալ դատական իշխանության համար համապատասխան երաշխիքների ձեւավորման ու ամրապնդման համար. վստահաբար կարող եմ ասել, որ այդ բարեփոխումներն այսօր անհրաժեշտ են, որքան լայն քննարկում լինի դրա շուրջ, այնքան շահելու է մեր հասարակությունը: Ժամանակի իմաստով մենք կարող ենք ասել, որ հենց այսօր են անհրաժեշտ՝ ելնելով քաղաքական իրողությունից, նրանից, որ քաղաքական համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի, որ պետք է կայուն երաշխիքներ ձեւավորենք՝ ապահովելու մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրականացումը»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած հարցին թայմինգի մասին, որ արդյո՞ք այսօր դրա ժամանակն է՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Այո, ժամանակն է: Այսօր չկա Սահմանադրական ճգնաժամ, թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ: Խորհրդարանական կառավարման ձեւը ներկայացված է որպես այլընտրանքային տարբերակ, մնացած բոլոր փոփոխությունները, որոնք առաջարկվում են, դրանց վրա պակաս ուշադրություն են դարձնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ