Այսօր Երեւանում մեկնարկեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը, ազգային աջակցության իրականացումը և միջազգային ուժերի համագործակցությունը» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԻ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի կողմից։
Աշխատաժողովը տեւելու է երկու օր՝ սեպտեմբերի 16-ից 17-ը, եւ նպատակ ունի հստակեցնել ուժեղ երկրաշարժի դեպքում տարբեր պետական կառավարման մարմինների գործողություններն ու միջազգային ուժերի հետ համագործակցության հարցերը, բարձրացնել պատրաստվածությունը և օտարերկրյա գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում:
Հայ-ամերիկյան աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը եւ հույս հայտնեց, որ երկօրյա ակտիվ քննարկումների արդյունքում երկու երկրների փորձի փոխանակման միջոցով ավելի հեշտ կդառնա աղետների դեմ պայքարը։
Կարդացեք նաև
Պրն Ազարյանը իր խոսքում նշեց, որ տարիների փորձը ցույց է տալիս, որ աղետներից առավել տուժում են աղքատ եւ ավելի քիչ զարգացած երկրները, որոնք աղետների ռիսկերի նվազեցման համար բավարար միջոցներ չեն ներդնում, եւ ունեն կանխատեսման եւ կանխարգելման ավելի թույլ համակարգեր. «Մեզ համար անցյալի սպիները չեն ապաքինվել։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ապացույց է, որ մինչեւ օրս հսկայական միջոցներ են ներդրվում Շիրակի եւ Լոռու մարզերի աղետի գոտին վերականգնելու համար»։
ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի, Հայաստան-Կանզաս նահանգային ծրագրի գծով պատասխանատու, մայոր Ջասթին Ռաթշեջը լրագրողների հետ զրույցում էլ տեղեկացրեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական համագործակցության փուլում ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի ներկայացուցիչների հետ զարգացվում, լրամշակվում եւ գործարկվում են Հայաստանի կառավարության կողմից պատրաստված արձագանքման պլանները, որոնք վերաբերում են երկրաշարժերին եւ ատոմային աղետներին։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում կառավարության բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացնելու են երկրաշարժի դեպքում դրա դեմ պայքարելու իրենց պլանները։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ