Այսօր «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենք տարիներ ի վեր կողմ են եղել եւ հիմա էլ չեն դավաճանում իրենց սկզբունքին եւ ուզում են Սահմանադրական փոփոխություններ կատարել:
Նա խոսեց այն խնդիրների մասին, որոնք սահմանադրական փոփոխություններում իրացման կարիք ունեն, անդրադարձավ «Դեմ եմ» շարժման խնդրին. «Մի՞թե մենք այսօր պետք է կառչենք այն բանից, թե ինչ է ցանկանում իշխանությունը, իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում: Եթե իսկապես ուզում ենք, որ չվերարտադրվի որեւէ իշխանություն, մենք պետք է ընդունենք եւ պարտադրենք սահմանադրական մեր ուզած փաթեթը: Անհրաժեշտ են երաշխիքներ, մենք ձեզ հետ միասին պետք է ձեւավորենք այդ փաթեթը, թե ինչն ենք ուզում փոխել եւ ինչու ենք ուզում փոխել: Անշուշտ, առաջինը ընտրական համակարգն է: Երկրորդ խնդիրը ընդդիմության դերակատարումն է պետական կառավարման գործում: Այո, անհրաժեշտ են փոփոխություններ: Սա է պայքարի միակ ձեւը, երկիրն առաջ տանելու միակ ձեւը: Սա ասել ենք 91-ին, 2005-ին, ասում ենք հիմա, լսենք գոնե մի անգամ 124-ամյա պատմություն ունեցող քաղաքական ուժին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ