«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր սահմանադրական փոփոխությունների մասին խորհրդաժողովի ժամանակ 3 կետանոց առաջարկ ներկայացրեց իշխանությանը՝ համաձայնելով փոփոխություններ կատարել Սահմանադրությունում 2016-ի գարնանը՝ չսպասելով 2018-ի ընտրություններին՝ իրենց այդ պայմանները կատարելու դեպքում:
Նա ասաց, որ իշխանությունների հիմնական փաստարկը սահմանադրական փոփոխություններ կատարելու՝ սա է. գործող Սահմանադրությունը մարդակենտրոն չէ, չի բխում ՀՀ քաղաքացու շահերից. «Ձեւավորվեց երկու քաղաքական բեւեռ, մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում՝ քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունը, որոնք գտնում են, որ այս պահին ստեղծված իրավիճակի պատճառը Սահմանադրությունը չէ: Օրվա իշխանությունները իրավիճակը փորձել են ձեւակերպել՝ որպես սահմանադրական ճգնաժամ: Իշխանությունը հրապարակ է նետել այն համոզմունքը, թե ընդդիմությունը չի ուզում մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: Մենք կանդրադառնանք մեր դիրքորոշման փաստարկներին: Առաջին՝ սահմանադրական հոդվածներ, որոնք օրվա իշխանությունների վերարտադրման նպատակով անթաքույց չեն իրականացվում: Սահմանադրության երկրորդ հոդվածում ասվում է՝ իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի կողմից: Ցավոք, այդպես էլ մեր ժողովուրդը չկարողացավ վայելել իր կողմից ազատ ընտրության արդյունքով ձեւավորվող իշխանության արդյունքը: Ոտնահարվում է նաեւ Սահմանադրության 65-րդ հոդվածը, ըստ որի, պատգամավորը չի կարող կատարել այլ աշխատանք, բացի գիտական, կրթական աշխատանքից: Այսօր քիչ չեն խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնց համար խորհրդարանական աշխատանքը կամ երրորդ պլան է մղված կամ ընդհանրապես բացակայում է: Հարց է առաջանում՝ ի՞նչ մեղավորություն ունի Սահմանադրությունը»:
Անդրադառնալով ընդդիմությանը լծակներ տալուն՝ Ռուբիկ Հակոբյանը վստահեցրեց, որ խոհանոցը մնալու է փակ, խոհանոցը մնալու է «ատկատային»:
Նա իշխանություններին առաջարկեց 3 կետ, որը կատարելու դեպքում նոր կմասնակցեն բովանդակային քննարկումներին: Առաջին կետով առաջարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել եւ իրենց 11 կետանոց առաջարկություններն այդ մասով ընդունել: Երկրորդ առաջարկն այն է, որ ԱԺ-ն ընդունի այն օրենքը, որն իրենք կներկայացնեն այս նստաշրջանին եւ ընդդիմությանը կտան վերահսկողական լուրջ լծակներ: Իսկ ահա երրորդ կետն այս է՝ «Եթե իշխանությունն ասում է, որ մարդակենտրոն չէ, ապա տրամաբանական է, որ հանրաքվեից հետո արդեն բարեփոխված Սահմանադրությամբ անցկացնել համապետական ընտրություններ 2016-ի գարնանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ