«Դա խայտառակություն էր, անարգանք գործող Սահմանադրության, օրենքների նկատմամբ»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է թեժ քաղաքական աշնանը պատասխանել սառը ցնցուղով, այսպես պատասխանեց ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նշեց, որ ժողովուրդը չի վախենում փողոց դուրս գալուց, որքան էլ ոստիկանապետը սպառնա ու շարունակեց. «Ժողովուրդը գիտի և տեսել է, որ ժողովրդին հրապարակ բերող ուժերը երբեք չեն շեղվել օրինական ուղուց, բողոքը արտահայտել Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում և այդ սպառնալիքն ավելի մատնում է գործող վարչախմբի վախն ու խուճապը, քան ազդեցություն կունենա հասարակական զանգվածների վրա»:
Արման Մուսինյանը ոստիկանապետի խոսքում խոստովանություններ է տեսնում. «Նա ըստ էության խոստովանել է, որ իր ղեկավարած կառույցը մարտի 1-ին ներգրավված է եղել այդ գործընթացի մեջ: Իր ասելով՝ զբաղված է եղել կառավարության շենքի պաշտպանությամբ: Սպառնալիքներ հնչեցնելով թեժ աշուն և այլն, ըստ էության հայտարարել է, որ ինքը քաղաքական կողմնորոշում ունի, այնինչ նրա միակ պարտականությունը օրենքով պիտի լինի հասարակական կարգի և օրենքի պաշտպանությունը»:
Ամփոփելով՝ պարոն Մուսինյանն ասաց. «Այս սպառնալիքով Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները և ոչ իշխանական ուժերը նաև կփորձեն խորհրդարանում բարձրացնել նրա պատասխանատվության, հրաժարականի հարցը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ