Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց երկու կանգառների միջև

Սեպտեմբեր 16,2014 13:31

 

-Բարև,-ասում եմ կանգառին:
-Բարև,-պատասխանում է նա անտարբեր, երևի շոգից իմ նման նեղվել է:
Դե’, գիտեք, սա պայմանական եմ ասում, քանի որ կանգառը հո մարդ չէ, որ ինձ պատասխանի: Ես ուղղակի մտածում և հարցեր եմ տալիս նրան, իսկ կանգառը և մայթը կպատասխանեն նշանների լեզվով կարծեմ` սուրդո), ես էլ կթարգմանեմ մարդկային լեզվով, ինչքան որ կկարողանամ: Ուրեմն, պայմանավորվեցինք:
-Անունդ ի՞նչ է,-հարցնում եմ կանգառին:
-Mercedes Benz:
-Բայց ինչու՞ են այդպիսի անունով քեզ կոչել: Իսկ այն ինչ անհասկանալի դրոշներ են ծածանվում «Mercedes Benz» ցուցանակի կողքին:
-Որովհետև, այս տաղավարում այդ մակնիշի ավտոմեքենաներ են վաճառում,-ցույց է տալիս դիմացի շինությունը, որի ճակատին հայերեն գրված է` «Ավանգարդ Մոթորս»:
-Բայց դա հայերեն տառերով է գրված, նորից հայերեն արտահայտություն չէ:
-Է, ես ինչ անեմ, գնա անուն դնողներին հարցրու-, նեղսրտում է կանգառը:
-Հասկանալի է: Իսկ ինչու՞ այս կանգառի ուղևորասրահը չկա` կանգառների նշման ցուցանակով հանդերձ:
-Չգիտեմ, չեմ հետաքրքրվել, բայց վերջերս գեղեցիկ նստարաններ են դրել Երևանի կայքի մակնիշով:
-Դե լավ, հաջողություն, գնում եմ առաջ, հիմա արդեն մայթի հետ կզրուցեմ:
-Բարի, երթ:
-Բարև մայթ- ասում եմ ես:
-Բարև,-ծուլորեն հորանջելով պատասխանում է մայթը:
-Սկիզբդ, ոչինչ, մաքուր է, սալահատակված, բայց այստեղ ծխախոտի կոթուկներ են թափված, ցելոֆանե տոպրակներ:
-Հալա մի քիչ գնա, նոր կիմանաս, թե կեղտոտությունը ինչ աստիճանի է հասնում:
-Հա, այս նեղլիկ միջանցքը ու՞ր է տանում:
-Չես տեսնու՞մ շուկա է:
-Բայց սա նեղ արահետ է, հազիվ են մարդիկ անցնում երկու կողմից շարված գյուղատնտեսական մթերքներով ծանրաբեռնված սեղանիկների միջով:
-Դե, շուկան քանդեցին, Խորհրդային կարգերի ճարտարապետական մնացուկ էր, դուրները չէր գալիս: Հիմա հինգ հարկանի շինություն են կառուցում, առաջին հարկը արդեն օգտագործում են դեռ կարգին չհարդարված, երևի օրավարձը թանկ է, սրանք էլ չեն գնում ներս, այստեղ ավելի էժան է, գետնի վրա:
-Բա սա ի՞նչ է:
– Ծաղիկ են վաճառում, կողքինը` լոտոների սեղանիկն է, ուզում ես բախտդ փորձիր, սա էլ գլխարկներ վաճառելու ձող է, որի վրա ցուցադրվում է տեսականին: Սա էլ` Սևան քաղաքի հացի գործարանի “բուտիկ»ն է, հեռվից հաց են բերում Երևան, երևի այստեղի հաց արտադրողները չեն հասցնում բավարարել մայրաքաղաքի պահանջները: Բայց առաջդ նայիր, մի շեղվիր, ոտքդ փոսերի մեջ կգցես, այս մասում այդպիսիք շատ կհանդիպեն:
-Շնորհակալություն ուշադրության համար, իսկ այն հեռվում երևացող շինությունը ինչի՞ համար է:
-Մի քիչ առաջ ասացի` փակ շուկան քանդել են, նրա տեղում բազմահարկ «սուպերմարկետ» են սարքում:
-Բարի, գնում եմ առաջ, բայց քո վրայով քայլելը այնքան էլ դյուրին գործ չէ:
-Դե, ի՞նչ ասեմ, ավելի վատ հատվածներս կտեսնես, բավականին քայքայվել եմ, փոսեր են առաջացել վրաս, բայց ուշադրություն դարձնող չկա: Հա, ծաղիկների վաճառման տաղավարներ են ձախ կողմից, աջից դեղատունն է, դիմացդ` արգելափակոց է SYT-հանրախանութ մտնող ավտոմեքենաների համար, չգիտեմ ինչի՞ համար է այդ, եթե այն անընդհատ բաց է, խնդրում եմ զգուշացիր մեքենաներից, ուշադիր անցիր:
-Ահա, անցա այս հատվածդ էլ, իսկ սա ի՞նչ է:
-Գրիլանոց է, այսպես ասած` հավեի խորովածանոց, հոտը տարածում է մայթով մեկ, ախր չի կարելի: Այստեղով շատ զգույշ քայլիր, մաշվել եմ, ասֆալտը լրիվ քայքայվել է, քարերը դուրս են ցցվել, վերևներում անցյալ տարի նորոգեցին, իսկ այստեղ կիսատ մնաց:
-Բա սա ի՞նչ շինություն է:
-Երկու տարի առաջ մեկը բերեց, տեղադրեց այս երկաթե «տաղավարը», մի ժամանակ ծաղիկ վաճառեց, երևի հաջող չստացվեց, հիմա անգործության է մատնված, չգիտեմ ի՞նչ է լինելու սրա վերջը:
-Պահո, այս մայթի մեջտեղում ի՞նչ շինություն է:
-Որ ասեմ, կհավատա՞ս, զուգարան է, անցյալ գարնանն են սարքել, ընդլայնել են իրենց տարածքը, ձուկ են վաճառում, համ էլ ճաշարանի պես մի բան են սարքել: Բա էս ուտողները որտեղ պիտի… Հա, մի ժամանակ էլ փայտ էին վառում, այնպիսի ծուխ էր բարձրանում, որ պողոտան ծածկում էր: Հիմա չեմ նկատում այդ ծուխը, երևի գազ կամ էլեկտրականություն են օգտագործում: Զուգարանը փակել է մայթի կեսը, գոնե էդ շինությունից հետո մնացած աղբն ու անպետք ապրանքները տանեին, տեսքս լրիվ գցում են, ախր, շատ տգեղ է, բա էս պատի մնացորդը, իբր դիզայն է, ի՞նչ է չեմ հասկանում:
-Բայց ո՞նց են չինովնիկները թույլատրել մայթի վրա զուգարան կառուցել, գոնե ներսում տեղ գտնեին:
-Ես ի՞նչ իմանամ:
-Իսկ սա ի՞նչ շենք է, բավականին գեղեցիկ է, դիմացի մայթն էլ բարեկարգ ու մաքուր:
-Սա հին պատմություն է, այստեղ մի ժամանակ ինչ որ մեկը պուրակի պես մի բան էր հիմնել, ինչ որ բիզնես էլ էր անում, բայց քեռիները եկան, չափեցին, ձևեցին ու մի տարում «Տաշիր Պիցայի» շենքը կառուցեցին, հետո էլ, երևի դրանց նախանձեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի («Agba-Credit agricole bank») մասնաճյուղի շենքը կառուցեցին` ոչնչացնելով մնացած ծառերն ու կանաչը: Բայց փառք այս երկու շենքերի տերերին, դիմացի մայթը բարեկարգեցին, սիրունիկ սալահատակով ծածկեցին, ծառեր տնկեցին ու կանաչապատեցին, ինչպես տեսնում ես, բավական գեղեցիկ է: Երեք հատ էլ դրոշակ են տնկել, մեկը մերն է, մյուս երկուսը չգիտեմ ումն են: Բայց մի զմայլվիր դրանով, դեմդ նայիր, մայթային խաչմերուկ է, կյանքդ վտանգի մի ենթարկիր, զգույշ անցիր: Եթե ցանկանում ես թոռնիկիդ նվեր գնել մտիր դիմացի շինությունը, նա էլ են վերջերս կառուցել, մանկական աշխարհի պես մի բան է` «Մանուկների Տիեզերք» է կոչվում:
-Հա, տեսնում եմ, Գայի պողոտայից մեքենաներ են մտնում դեպի աջ` բենզալցակայան կամ դեպի ներքև` ավտոմեքենաների պահեստամասերի «բուտիկներին» այցելելու նպատակով, որտեղից նույն ուղղություններով ետ են վերադառնում: Իր հերթին էլ` բենզալցակայանից մեքենաները հանդիպակաց շարժվում են նույն ուղղություններով: Պարզապես լաբիրինթոս: Այստեղով անցնելը հետիոտնի համար մեծ ճարպկություն և ուշադրություն է պահանջում:
-Լավ, մի կերպ կանցնես, շատ անհարմար է, բարդ խաչմերուկ է, այս ավտոմեքենայից զգույշ կլինես, փակել է մայթը, այդպես հաճախ է պատահում, բենզալցակայանից որոշ մեքենաներ դուրս գալուց կանգնում են այդտեղ ու փակում հետիոտնի ճանապարհը, ինչքան ուզում ես զգուշացրու, միևնույնն է, կան բութ վարորդներ, որ չեն հասկանում:
-Իսկ սա ի՞նչ շինություն է:
-Սա էլ հացի գործարանի «բուտիկ»-ներից է, ոչ միայն հաց են վաճառում, այլև կաթնամթերք, ծխախոտ, պաղպաղակ և այլ սննդամթերքներ, սա էլ հին ծառ է, որն ուղիղ տնկվել է մայթի մեջտեղում, հանկարծ ճակատդ չխփես դրան:
-Հասանք հերթական խաչմերուկի, ի՞նչ կասես սրա մասին:
-Այս խաչմերուկն էլ այդքան հեշտ չէ անցնելը: Իհարկե արագաչափիչ էլ կա դրված վերևում, տեսախցիկ էլ, բայց բավականին վտանգավոր անցում է: Պատահում է, որ կանաչ լույս է վառվում, որ պիտի հետիոտն անցնի, բայց մեկ էլ տեսար վերևից մի ուշացած մեքենա է հայտնվում ճանապարհիդ կամ էլ աջից մտնող ավտոմեքենան է այնպես արագ թեքվում, որ կարող է չհասցնես անցնել, չնայած քո հերթն է:
-Այս խաչմերուկն էլ բարեհաջող անցանք, առանց փորձանքի, իսկ սա ի՞նչ է:
-Այստեղ ինչ որ մեկը առանց թույլտվության, տարիներ առաջ, հենց մայթի վրա ծաղկի «բութիկ» էր դրել, անցյալ տարի եկան, քանդեցին, տեղում ծաղիկներ տնկեցին, քարերի կտորտանքով շրջապատեցին, գեղեցիկ էր, բայց շարունակությունը այդպես էլ անբարեկարգ մնաց: Երբ նայում եմ, ինձ այնպիսի տեսարան է պատկերվում, կարծես գեղեցիկ աղջիկը ճղոտված ջինս հագած լինի: Ես զարմանում եմ այս ձևավորողների վրա, բա էսքան անճաշակ համադրություն կլինի:
-Տեսնում եմ, որ ձևական մոտեցում է ցուցաբերվում, կարծես ծաղիկները ժամանակին չեն ջրել, որոշ մասեր չորացել են:
-Բայց դե, ավելի լավ է, քան հինը, տես այս անմշակ տեղից հետո մեկ ուրիշը հիմքը գցել էր բետոնը բարձրացրել: Երևի անօրինական էր, չթողեցին շարունակի: Բարեկարգողները քարերով ձևավորեցին, կանաչ գրքանման մի բան սարքեցին, կողքերն էլ ծաղիկներ տնկեցին, հոյակապ էր: Բայց այս տարի արդեն տեսքից ընկել է, ճիշտ է` ծաղիկներ կան, բայց գիրքը վնասվել է, ձևավորման մետաղալարերը դուրս են ցցվել, ախր շատ անորակ գործ են անում, ափսոս չի, սարքում են ու լավ չեն հետևում:
-Դե, կարծես հասնում ենք հաջորդ կանգառին, բայց այստեղ էլ ցելոֆանե տոպրակներ են թափթփված կանաչների մեջ, կարտոնից պատրաստված զանազան տուփեր ու ծխախոտի կոթուկներ, վա`յ, այստեղ էլ ասֆալտը կիսատ է մնացել:
-Բա, մի ամիս շուտ տեսնեիր, կարմիր թութը հասել անընդհատ թափվում էր մարդկանց գլխին, շորերն աղտոտում, ինձ համար լավ էր, տրորած թթի հյութը վայելում էի, բայց մարդիկ զայրանում էին: Հա, անցյալ տարի էս աջ կողմում գտնվող «բուտիկ»-ի մեջ գաջ, ցեմենտ, ավազ ու բետոնե շինանյութ էին վաճառում, չգիտեմ ինչու փակեցին: Բայց լավ է, մի կեղտոտությունից էլ պրծա ու կանգառի տեսքն էլ շատ էր գցում: Սրան ինչ են անելու, չգիտեմ, վրան վաղուց գրված է` «վաճառվում է», փոխանակ քանդեն կամ տեղափոխեն մի այլ տեղ:
-Այստեղ արդեն կանգառի ուղևորասրահը կա, ի տարբերություն քո սկզբի կանգառի:
-Հա, «Օրանժն» էլ լավ նայում էր, լակոտների պոկած պլաստիկատե ապակիները միշտ վերանորոգում էր, հիմա կարծես մոռացել են, ահա տես մի քառանկյունը չկա ընդհանրապես, մյուսը ծռված` հազիվ է կանգնում տեղում, էս գեղեցիկ նստարանն էլ դրել են ուղիղ մայթի պռնկին, որ արևի տակ մարդիկ երևի քիչ նստեն, ավելի լավ չէ՞ր լինի, որ դնեին ա`յ, էն ծառի ստվերին, որ մարդիկ նստեին, տրանսպորտին սպասեին:
-Բայց այնտեղ շատ կեղտոտ է, ինչ ասես որ չկա:
-Ճիշտ ես ասում, էդ անխիղճ հավաքարարներն էլ ինձ մաքրում են ու վրաս ինչ կա չկա թափում են ինձնից դուրս, ախր չի կարելի, զզվում եմ դրանց նայելով: Մեր ժողովուրդն էլ շատ անկարգ է, ինչ ասես թափում է այս ու այն կողմ, հրեն` աղբամաններ են դրված, պայծառ գույներով ներկված, որ ուշադրություն գրավեն, իսկ դրանք` հեչ: Էս ծաղկամանն էլ անցյալ տարի մոխրագույն էր ներկված, գարնանը եկան մուգ նարնջագույն ներկեցին, երևի այդ ներկից էին ճարել, մեջի ծաղիկներն էլ մեկ չորանում են, մեկ ծաղկում, բան չեմ հասկանում: Ամենալավը փիփերթե ծաղկամարգերն են, դիմացկուն: Սրանք էլ Սովետից մնացած քարե նստարաններ են, ոչ ոք չի նստում դրանց վրա, երևի որպես հնություն են պահպանում, բայց սրանց հալն էլ մի բան չի, տակի հենարանները քանդվել, խարխլվել են: Այ, էն հեռվում էլ, որ տեսնում ես` գետնանցում է, որտեղով զգույշ կանցնես, նա էլ այնքան մաքուր չեն պահում, վերանորոգված ու կարգի բերված չէ, պատի երեսպատման սալիկների մի մասն էլ թափվել են, կոտրատվել, աստիճանները վնասվել են, վրան էլ ինչ որ մեկը ապակյա շիշ է ջարդել ու կտորտանքը մինչև հիմա չեն մաքրում, ծաղկամաններից մեկն էլ պոկել, տարել են: Մի ժամանակ էլ մի սիրահար գրել էր` «Աննա ես քեզ սիրում եմ», հիմա պատառոտել են էդ թուղթը, այդպես էլ մնացել է սիրո հետքերը:
-Լավ, բավական է բողոքես, մեր ժողովրդի նման դու էլ ես բողոքական դարձել, հարցազրույցը վերջացնում եմ, գնամ հանդիպակաց մայթ, տեսնեմ, նա ի՞նչ է ասում:
-Ես չեմ բողոքում, ես ասացի այն ինչ որ դու ինքդ քո աչքերով տեսար: Գնա`, բայց կարող եմ ասել, որ շատ բան է արվում մեր քաղաքում, միջոցներ են ծախսվում` ծաղիկներ տնկելու, մայթերը ասֆալտապատելու, շենքեր կառուցելու, կանգառներ կահավորելու համար, բայց մի բան վատ է, որ ով, ինչ ուզում, որտեղ ուզում կառուցում է, ով ինչ ասես գետնին է շպրտում ու դրանց ձեռքը բռնող չկա, հին կարգերի նման, արվածը լավ չեն պահպանում, խնամում, կարծես հսկողություն էլ չկա: Պետք է արվածը պահպանել, ահա ամենակարևորը: Իսկ մայթի կենտրոնում զուգարան կառուցելը, իհարկե խայտառակություն է, չհաշված մյուս բազմաթիվ թերությունները, որ դու ինքդ տեսար: Լավի կողքին` վատը ավելի ցայտուն է երևում:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930