Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթ

Սեպտեմբեր 16,2014 13:24

Վերջին տարիներին հանրության շրջանում ամենաշատ արծարծվող թեմաներից մեկն արտագաղթի թեման է, որի ճիշտ և խորքային ընկալման կարևորությունը դժվար է գերագնահատել: Արտագաղթը սովորական երևույթ չէ, այն ուղղակիորեն ազգային անվտանգության հետ կապված խնդիր է: Իհարկե, բոլոր ժամանակներում էլ, բոլոր երկրներում արտագաղթ եղել է, սակայն, այն ինչ որ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վեր է մարդկային երևակայության սահմաններից: Ինչպես ամենուրեք, այնպես էլ մեր երկրում, այն պետք է դառնա իշխանությունների թիվ մեկ հոգածության առարկան և նրանց կողմից պետք է անընդհատ կտրուկ քայլեր արվի` դանդաղեցնելու դրա տեմպերը: Եթե վերլուծենք Հայաստանյան այսօրվա իրավիճակը, ապա պարզորոշ կտեսնենք, որ արտագաղթի հիմնական պատճառները խորքային են ու տարբեր: Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում համարյա չեն գործում կայացած համակարգեր, որի հետևանքով մարդու դերը չափազանց ուռճացված է: Արտագաղթի ամբողջական ընթացքը ուշադիր վերլուծելու դեպքում կտեսնենք, որ Հայաստանը լքում են ոչ միայն գործազուրկները, այլև նաև այնպիսի մարդիկ, ովքեր հաստատ աղքատ չեն, սակայն դրա համար բազմաթիվ այլ պատճառներ ունեն: Մարդկանց մի մասը Հայաստանը լքում է երկրում տեղ գտած բացահայտ անարդարությունների, հաճախակի հանդիպող ակնհայտ անօրինականությունների պատճառով: Այնպես որ, արտագաղթը կապել միայն երկրում գոյություն ունեցող գործազրկության, կյանքի օբյեկտիվ դժվարությունների հետ, այնքան էլ ճիշտ չէ: Առանց այն էլ, Հայաստանի բնակչությունը շատ փոքրաթիվ է և արտագաղթի նման տեմպերը կարող են բավականին բացասաբար անդրադառնալ Հայաստան երկրի՝ դանդաղ և դժվարությամբ կայացող պետականության վրա: Անվիճելի է, որ Հայաստանի պետականության վերականգնման հարցը մշտապես եղել է մեր ժողովրդի երկար սպասված, ամենաթանկ, նվիրական երազանքներից մեկը: Այնպես որ, մենք ազգովին՝ բոլորս պետք է լծվենք նրա շինարարությանը, փայփայենք նրան, ինչպես փոքր երեխային և ցավ ապրենք նրա ամեն անհաջողության համար: Իսկ պետականության կայացման գործում ավելի կարևոր ու արժեքավոր միասնություն, քան ժողովրդի և իշխանության միասնությունն է, դժվար է պատկերացնել: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է նույնիսկ աչք փակել տարաբնույթ հակասությունների և բացթողումների վրա:

Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, Հայաստանի բնակչության մի մասի համար դա խիստ անակնկալ, արտառոց իրադարձություն էր: Որևէ մեկը լուրջ չէր ընդունում, որ երբևէ կարող էր քանդվել աշխարհի տիրակալներից մեկը՝ Խորհրդային Միության նման հզոր երկիրը: Սկզբնական շրջանում, այդ ուղղությամբ սկսված պրոցեսները շոկ էին առաջացրել բոլորի մոտ: Հենց այդ ժամանակ, տարիներ ձգձգված մութը, ցուրտը, աշխատատեղերի փակվելը, Ղարաբաղյան պատերազմի իրողությունը հանգեցրեցին նրան, որ մեծ թվով հայեր լքեցին երկիրը և մշտական բնակության մեկնեցին Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ: Այդ տարիների արտագաղթն աչք չէր ծակում և ինչ-որ իմաստով բնական էր ընդունվում: Այն որևէ մեկի համար զարմանալի վիճակ չէր առաջացնում: Այդ ժամանակ Հայաստանը հիմնականում լքեցին գործարար և ակտիվ զանգվածը, սակայն գործազրկությունն ու գնաճն այնքան չէր ծավալվել երկրում, որ հուսահատության առիթ տար: Ամեն դեպքում, այն ժամանակվա արտագաղթը դիտվում էր որպես երկրում տեղի ունեցող սովորական իրադարձություն: Ամեն երկրում արտագաղթն ունի իր օպտիմալ սահմանը, որից այն կողմ՝ նրա բարձր տեմպերով շարունակականությունն աստիճանաբար հանգեցնում է տվյալ երկրի քայքայմանը և երկիրը կանգնեցնում է ազգային անվտանգության լուրջ խնդրի առջև: Ղարաբաղյան պատերազմը փայլուն հաղթանակած, չորս և ավելի տարիներ` մութ ու ցուրտ տարած, բազմաթիվ արհավիրքներ տեսած, եռաբլուրի նման սուրբ թանգարան կառուցած հայ ժողովրդի մի մասն ինչու՞ պետք է այսօր ցանկանա արտագաղթել, երբ նա` նախկինում դրա համար ավելի հարմար առիթներ ուներ, ինչից համարյա չէր օգտվում: Հարց, որը խորհելու առիթ պետք է տա բոլորիս: Եթե հայը՝ իրականում երկիրը լքող լիներ, դա ավելի հեշտությամբ կաներ 90-ականների սկզբում: Հայաստանից ամեն հայի արտագաղթելը հավասարազոր է` Հայաստանը մեկ հայով թուլացնելուն: Միթե՞, մենք՝ հատկապես այսօր այնքան ենք ապահովագրված Ղարաբաղյան պատերազմի լայնածավալ վերսկսման վտանգից, որ իրավունք ունենք հանգիստ լքելու Հայաստանը, մեր պապերի գերեզմանները, մեր հողերը և ամեն ինչ թողնելու բախտի քմահաճույքին: Մեկ մարդու արտագաղթն անգամ էապես թուլացնում է «Հայաստան» օրգանիզմը և ուղիղ գծով նրան տանում մահվան: Երկրի ղեկավար այրերը պետք է հրաշալիորեն հասկանան, որ արտագաղթի թույլատրելի չափերը խախտելու դեպքում, երկրին սպառնացող վտանգներն առանց խտրականության` հավասարապես հարվածելու են բոլորին՝ և իշխանություններին, և երկրին, և ժողովրդին: Հայաստանն այս դաժան մարտահրավերներին դիմակայելու մի ճանապարհ ունի. նա պետք է ուժեղ և համախմբված լինի: Իսկ դա հնարավոր է մի դեպքում միայն, եթե արտագաղթի տեմպերը հասցվեն նվազագույնի: Իսկ դա իր հերթին հնարավոր է, եթե օրենքի առջև` բոլորի հավասարության և նմանատիպ շատ այլ հարցերում, պետությունն ավելի շատ դրսևորի համակարգային, այլ ոչ թե անձային մոտեցումներ: Երկրի, պետության, ժողովրդի համար ավելի մեծ վտանգ, քան ազգային անվտանգությանն սպառնացող վտանգն է, հնարավոր չէ պատկերացնել: Իսկ դրան նպաստող հանգամանքներից ամենակարևորն արտագաղթն է: Հենց այս նույն ազգային անվտանգության ապահովման խնդիրն էր, որի հետևանքով եռաբլուր ունեցանք, անասելի տառապանքներ կրեցինք, նորից աշխարհով մեկ բաժան-բաժան եղանք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930