ՀՀ խորհրդարանականներն այսօր առավոտյան մեկնել են Արցախ: Պատճառն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է, որը կկայանա Արցախում՝ ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի հետ համատեղ: Այսօր այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
Համատեղ նիստի օրակարգում են նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները: «Ազնվության դեմ չմեղանչելով պետք է արձանագրենք, որ Արցախում ընտրություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակի, քան հետխորհրդային պետություններից որևէ մեկում, բայց և այնպես ցանկացած օրենք և օրենսդրություն մշտապես կատարելագործման կարիք ունի»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Նույն օրը երեկոյան, ՀՀ ԱԺ պատգամավորները կհանդիպեն նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ապա՝ զորամասեր ու դիրքեր: Նրանք զինվորներին կնվիրեն գիշերային դիտարկման սարք: Այդ խոստումը Հովհաննես Սահակյանը տվել էր նախորդ՝ օգոստոսյան այցելության ժամանակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ