«Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները»,-Aravot.am-ի հարցին՝ ինչու՞ չեն բավարարել ընդդիմության փաստարկները Սերժ Սարգսյանին՝ կապված Սահմանադրական բարեփոխումների՝ նպատակահարմար չհամարելու հետ, այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նկատեց, թե ավելի սպառիչ փաստարկներ, քան ներկայացրել են ՀԱԿ-ը և սահմանադրական բարեփոխումները մերժող կուսակցությունները թերևս դժվար է գտնել:
Նա շեշտեց, թե ՀՀ-ում առկա խնդիրներն այսօր պայմանավորված չեն Սահմանադրությամբ: Արման Մուսինյանը հավելեց. «Այս ծրագրի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի առողջացումն է, այլ Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը լուծելը: Սահմանադրությունը արգելում է նրան երրորդ անգամ հայտնվել նախագահի աթոռին, իսկ Սերժ Սարգսյանի իշխանատենչությունը այս պարագայում խորը հակասության մեջ է ներկա Սահմանադրության հետ: Գործող Սահմանադրության պաշտպանությունը ամենալավ միջոցն է Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ պայքարելու համար»:
Արմեն Մուսինյանի համար զավեշտալի է այն, որ վարչախմբի պարագլուխը դեմ է մի բանի, բայց իր ամբողջ թիմը թևերը քշտած ուզում է բարեփոխել: Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանի այս ծրագիրը ձախողվելու է:
Արման Մուսինյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելն է. ««Այս նախագիծը թույլ է տալիս Սերժ Սարգսյանին իշխանությունը կենտրոնացած պահել իր ձեռքում՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու պարագայում: Դա չեն թաքցնում նաև իր կողմնակիցները, բայց դա կլինի Հայաստանի վերջը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քառյակը կազմաքանդելու խոսակցություններին, Արման Մուսինյանն ասաց, թե «Քառյակը կազմաքանդելու երազանքը Սերժ Սարգսյանի համար կմնա երազ»:
Արման Մուսինյանի կարծիքով՝ քաղաքական գործընթացները մտել են ակտիվ շրջան, արդեն վաղը քառյակի ուժերը որոշում կհրապարակեն հանրահավաքի օրը: Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ հասարակության գերակշիռ հատվածը քաղաքական աշուն են մտնում մարտականորեն տրամադրված, իսկ «իշխանությունը առավել քան երբևէ թուլացած»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ