Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները՝ «կազինոներում միլիոններ կրվողների» մասին

Սեպտեմբեր 16,2014 12:37

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Մինչեւ դատական նիստի սկսվելը մի խումբ ազատամարտիկներ դատարանի բակում ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ հայտարարություն ներկայացրին:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կրկին շինծու գործ որակեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված գործը:

«6 տարի դատապարտել են ոչ մի բան անելու համար: Այս իշխանությունները, ի վիճակի չլինելով իրենց դեմքը պահել, արդեն թքած ունեն, թե իրենց մասին ինչ կխոսեն թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում: Դիմում են ցանկացած տիպի ուժային մեթոդների»,- ասաց պարոն Սարուխանյանը:

Հետո անդրադարձավ վերջերս մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանին ու ասաց, որ հետմահու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ժամանակ դատավորին պատասխանելու համար. «Փառավոր ազատամարտիկ, Վարդենիս ջոկատի հրամանատարը, Լեոնիդ Ազգալդյանի խմբից: Քրեական գործ են հարուցել զոհված ազատամարտիկի վրա, դրանից էն կողմ լկտիություն չկա: Սա մեզ վախեցնելու համար են անում: Այսօր տեղեկացա, որ մեր ազատամարտիկներից մի քանիսի տներն արդեն ոստիկաններն այցելել են, առաջարկել են չմասնակցել այս ակցիաներին, թե չէ ձեր վրա էլ քրեական գործեր կհարուցվեն: Մի քանի տվյալներ կան, որոնց վերաբերյալ դեռ փաստահավաք պետք է անենք»:

Հետո կրկին վերադառնալով Վոլոդյա Ավետիսյանին, ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի բռնած գործն այնքան հուժկու ու ճշմարիտ էր, որ իշխանությունները շատ վախեցան. «Ու դիմեցին նմանատիպ քայլերի: Մեզ վախեցնելն անհնար է, վախեցողներն արդեն վախեցել, գնացել են, մեզ անհնար է կանգնեցնել: Եթե ուզում եք մեզ՝ բոլորիս, կանգնեցնել, ստիպված եք լինելու բոլորիս գցել բերդերը: Դուք չունեք այդքան բերդ, բայց բոլորս ենք բերդում՝ Հայաստան քրեակատարողական հիմնարկի բնակիչներ ենք: Հայաստանը դարձել է մեծ բերդ բոլոր խելոք չպահողների համար:

Մի քանի ընտանիք միլիարդներ են դիզում, միլիոնները կրվում կազինոներում, իսկ խեղճ ու կրակ ժողովրդին ասում են, գնացեք ձեզ համար տաքսի քշեք, լավ տղա եք, ընտանիք պահեք»:

Դատարան մտնելով ազատամարտիկները վանկարկեցին «Ազատություն Վոլոդյային, ոչ դատաստանին»:

Դատաքննությունը սկսվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930