Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վաճառվում են օզոնային շերտը քայքայող օդորակիչներ ու սառնարաններ

Սեպտեմբեր 16,2014 12:12

«Այժմ օզոնային շերտը աստիճանաբար վերականգնվում է»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հզորացում ծրագրի համակարգող Լիաննա Ղահրամանյանը:

Նշենք, որ այսօր Օզոնի պաշտպանության միջազգային օրն է: Պողոսյան պարտեզներում ամփոփվելու են Լուսանկարչական մրցույթների արդյունքները, տեղի կունենա «Փրկեմ երկիրը» ֆիլմի ցուցադրությունը: 2005-ից ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո իրականացվում է օզոնային շերտի պահպանության երկու ծրագիր, որտեղ շեշտը դրվում է հանրային իրազեկվածության բարձրացման վրա:

Հայպետհիդրոմետ ծառայության գլխավոր գեոֆիզիկոս Դավիթ Մելքոնյանը նշեց, որ Մոնրեալի արձանագրությունը տալիս է իր առաջին արդյունքները և օզոնային շերտը քիչ-քիչ վերականգնվում է. «Օզոնի բաղադրությունը մթնոլորտում դեռ չի հասել այն մակարդակին, որն ունեցել է մինչև օզոնային շերտի քայքայման գործընթացների սկսումը՝ 1970 թվականը: Բայց այսօր օզոնային շերտը միտում ունի բարձրանալու, և կասեի, որ վիճակը հուսադրող է»:

Անդրադառնալով օզոնային շերտը քայքայող նյութերին, Լիաննա Ղահրամանյանը նշեց. «Այդ նյութերից ամենահզոր քայքայողը քլոր-ֆտոր ածխածիններն են: 2010-ի հունվարի մեկից զարգացած և զարգացող երկրներում այս նյութերի օգտագործումը դադարեցվել են: Այսօր քայքայիչ ազդեցություն ունեն հիդրոքլոր ածխածինները»:

Նա նշեց, որ սառնարաններում առկա նշված նյութերը քայքայում են օզոնային շերտը, ուստի այժմ ՀՀ-ում աշխատանքներ են տարվում «Սագա» սառնարանային գործարանի հետ՝ հոսքագծի փոխարինման առումով, կատարվում են սառնարանային տեխնիկա վերանորոգող վարպետների ուսուցումներ:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ներդրվա՞ծ են համապատասխան վերահսկման մեխանիզմներ, որպեսզի ՀՀ չներմուծվեն այնպիսի սառնարաններ և օդորակիչներ, որոնք քայքայում են օզոնային շերտը, Լիաննա Ղահրամանյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հանդիսացել օզոնային շերտը քայքայող: Մենք ներմուծող երկիր ենք այն առումով, որ ներմուծում ենք այնպիսի օդորակիչներ ու սառնարաններ, որոնք պարունակում են քլոր ֆտոր ածխածիններ: Անցյալ տարի նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել, որով արգելվել է քլոր- ֆտոր ածխածին պարունակող հին ու նոր սառնարանների ներմուծումը Հայաստան: Դրանով փորձում ենք վերահսկել ու կանխել պահանջարկի աճը նման նյութերի նկատմամբ: Հայաստանը դեռ ունի ժամանակ մինչև 2030 թվականը»:

Հարցին՝ լուրեր կան, որ ՀՀ-ին թույլատրվող չափաքանակը հաճախ օգտագործվում է տարածաշրջանում այլ երկրների կողմից, Լիաննա Ղահրամանյանը պատասխանեց. «Հայաստանի չափաքանակը 124 տոննա է՝ տարեկան: Սա լիովին բավարարում է ՀՀ ներքին կարիքները հոգալու համար: Մեր չափաքանակի ոչ մի մաս Կովկասում չի վաճառվում: Յուրաքանչյուր երկիր ունի իր չափաքանակը, և այն բոլորին բավարարում է:Անցյալ տարի մենք անգամ չենք սպառել մեր չափաքանակը: Քանի որ համաշխարհային են միտումները, արտադրող երկրներում էլ են անցում կատարվում այդ նյութերից հրաժարման»:

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ շուկայում դեռ կա՞ն օզոնային շերտը քայքայող օդորակիչներ և սառնարաններ, Լիաննա Ղահրամանյանը դրական պատասխան տվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930