Ընդդիմությունը խոստանում է, որ թեժ աշուն է լինելու: Իսկ Վլադիմիր Գասպարյանը թեժ աշնան կողմնակիցներին խոստանում է «սառը ցնցուղ»: Ոստիկանապետը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ թեժ աշունը ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի, պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ. «Եթե թեժ աշունները օրենքի խախտումով է լինելու, ես, որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու, որովհետեւ ես գիտեմ ինչ է նշանակում խժդժումներ: Ես չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, իրար սպանեն: Չտա Աստված, որ մեկը երկրի ճակատագրի հետ խաղաղ իր սեփական փառասիրության, ռեւանշիզմի եւ այլնի համար: Ցանկացած օրինախախտում եւ ոտնձգություն ոստիկանի հանդեպ խստագույնս կպատժվի»:
Aravot.am-ը թեժ աշուն խոստացած «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանին հարցրեց՝ պատրա՞ստ է «Ժառանգությունը» ընդունելու այդ սառը ցնցուղը, ռիսկի կդիմի՞ եւ կմասնակցի՞ թեժ աշնանը: Նա պատասխանեց. «Առաջին հերթին խորհուրդ կտամ Վովա Գասպարյանին չխառնվել քաղաքական գործընթացներին եւ ընդդիմության տարբեր ուժերին պատասխանելու մեծ ցանկությունը թողնել իշխանության քաղաքական գործունեության պատասխանատուներին, իսկ եթե սառը ցնցուղի մեթոդներին տիրապետում է եւ, այնուամենայնիվ, ցանկանում է կիրառել քաղաքական դաշտում, ապա այն նպատակահարմար է իրացնել իշխանության նկատմամբ. պալատական փափուկ կյանքից բթացածները թարմանալու ու լրջանալու կարիք ունեն: Այդ առումով Վովա Գասպարյանը անելիք ունի»:
Ըստ Դավիթ Սանասարյանի, փոփոխության ճանապարհը բռնած քաղաքական ուժերին եւ գործիչներին քիչ պետք է հուզի, թե ինչ տեսակետներ ունեն ոստիկանապետերը կամ ԱԱԾ պետերը. «Այն ինչը պետք է հուզի քաղաքական ընդդիմությանը եւ լայն հանրությանը ընդհանրապես, դա երկիրը օր առաջ այս ծանր վիճակից դուրս բերելն է, հակառակ դեպքում կշարունակեն վայելել Վովա Գասպարյանի դասախոսությունները: Հայաստանն այս աննախադեպ իրավիճակից դուրս բերելու համար թիվ մեկ խնդիրը իրավիճակին համարժեք գնահատական, ապա եւ դրան հաջորդող քայլեր ձեռնարկելն է, որը կհանգեցնի իշխանափոխության՝ համակարգային եւ իրական սահմանադրական բարեփոխումների հաստատակամությամբ: Իսկ երկրի ճակատագրի հետ խաղացողները քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել ու շարունակում են երկիրը դեպի ճահիճ գլորել արտաքին եւ ներքին բոլոր ճակատներում, այո մի սառը ցնցուղ էլ բոլորիս է պետք, որ թարմ վիճակում հասնենք իշխանափոխության»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասել էր, որ ինքն էլ կուզենար իրենց միջի տականքին համակարգից տարանջատել. «Եթե գիտեք, մատնացույց արեք, մենք կողմնակից ենք լավ ոստիկանություն ունենալուն: Քաղաքացին պետք է մեր թերությունը մեզ ասի»: Մեր հարցին՝ Դուք այս հարցում չե՞ք համագործակցի Վլադիմիր Գասպարյանի հետ եւ գիտե՞ք համակարգի տականքներին, անուններ կասե՞ք ոստիկանապետին՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Նախ պետք է հասկանանք թե ինչ ասել է համակարգի տականք: Այ երբ հասկանանք, թե ինչ ի նկատի ունի պարոն Գասպարյանը եւ օրինակներով ինչպես է ցույց տալիս այդ տականքին հեռացնելու ճանապարհները, այն ժամանակ նորից կխոսենք: Ես ինքս իմ քայլերով փորձ եմ արել սովետական կարծրատիպերով հարուստ միլիցային տարանջատել ՀՀ ոստիկանության աշխատակիցներից, ինքս հարգում եմ իր պարտականությունը լավ իմացող, ապօրինությունների չգնացող ոստիկաններին: Բայց քանի դեռ միլիցան գերակշռում է այդ համակարգում, պետք չէ առանձին տականքների ման գալ, պետք է Վրաստանի օրինակով համակարգը ռեստարտ անել ու ոստիկանությունը համալրել կիրթ, բանիմաց ու բարեխիղճ ծառայողներով, ինչպես նաեւ ազատվել հաստագլուխ ու քաղաքացու շահին հակառակ գործող կարմիր բերետավորներից (իհարկե այնտեղ էլ կան բարեխիղճ ծառայողներ): Էնպես որ անունները չեն համակարգի թերությունները, նոր մոտեցում ու հաստատակամություն է անհրաժեշտ, իսկ դա այս իշխանությունների օրոք սպասելը միամտություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ