ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բացման խոսքը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին
«Հարգարժան նախագահող,
մեծարգո Գլխավոր քարտուղար,
հարգելի գործընկերներ, հյուրեր,
Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարևորում է փոխգործակցության ամրապնդումը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սևծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկը:
Այս ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները մեր երկրների խորհրդարանականներին հնարավորություն են ընձեռում առավել կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված միասնական որոշումների ընդունման շուրջ:
Վստահ եմ, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Կարևոր դեր կարող են ունենալ նաև մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը: Նման շփումները նպաստում են միմյանց ավելի լավ ծանոթանալու և մեր երկրների միջև երկխոսության հաստատմանը: Սա նաև կարևոր նախապայման է ակտիվ գործարար կապերի հաստատմանը: Ձեր օրենսդրական գործունեությամբ մենք կարող ենք բարենպաստ իրավապայմանագրային դաշտ ստեղծել նշված խնդիրները կյանքի կոչելու համար:
Վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ և նպատակներ. խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատում Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների հաստատում:
Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:
Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտման դեպքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որի հետևանքով եղան մարդկային կորուստներ, վկայում են, որ դրանք կարող են իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտելի են նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները:
Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները կառուցողական ոգով շարունակելու համար: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը:
Հարգելի գործընկերներ,
Մենք շահագրգռված ենք Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանի կայացմանը: Կարևոր է, որ կազմակերպությունն արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, Օսմանյան պառլամենտի պատգամավորների և հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:
Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը առաջնայնություն է տալիս նաև տարածաշրջանում մշակութային արժեքների պահպանմանը, հատկապես այն մշակութային արժեքների, որոնք իրապես համաշխարհային նշանակություն ունեն: Մշակութային բազմազանությունը և հուշարձանների պահպանումը և պաշտպանությունը հատկապես կարևոր են այն ժողովուրդների համար, որոնց պատմամշակութային հուշարձանները գտնվում են նաև իրենց այսօրվա պետական սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում:
Ողբերգական է, որ Ադրբեջանում և Թուրքիայում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները` չնայած Հայաստանից և միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին:
Ադրբեջանում տարիներ շարունակ հայկական հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է նաև նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով:
Միջազգային հանրությունը պարտավոր է խստիվ դատապարտել նման բարբարոսական քայլերը: Դրանք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացմանը:
Չնայած, որ այս կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը տնտեսական համագործակցությունն է, ես համոզված եմ, որ այդ համագործակցության ճանապարհով հնարավոր է ստեղծել նաև առավել նպաստավոր պայմաններ տարածաշրջանում առկա քաղաքական և այլ խնդիրներ լուծելու համար:
Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Հուսով եմ, որ ձեր կողմից ընդունած որոշումներն իրենց դրական նպաստը կբերեն տարածաշրջանում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար: Կարծում եմ, որ հաճույքով կծանոթանաք նաև մեր երկրի տեսարժան վայրերին և պատմամշակութային հինավուրց արժեքներին:
Շնորհակալություն»:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ