Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խրամատի» մասին

Սեպտեմբեր 16,2014 10:10

Նախագահ Սարգսյանը իր կուսակիցներին հորդորել է «չլքել խրամատը», այսինքն՝ չբացակայել խորհրդարանի լիագումար նիստերից: Որքան հասկանում եմ, դա ասված էր կեսկատակ, բայց ինքնին հորդորը տեղին էր, որովհետեւ կան ՀՀԿ բազմաթիվ պատգամավորներ, որոնք օրենսդրությունից ոչինչ չեն հասկանում, խորհրդարանի դահլիճում նստելն իրենց համար տանջալից է, ձանձրալի ու անհրաժեշտ է միայն կոճակ սեղմելու համար, բացի այդ՝ նրանց գլխավոր մտահոգությունը սեփական բիզնեսներն են: Հանուն արդարության ասենք, որ նման պատգամավորներ կան նաեւ ԲՀԿ-ում:
«Խրամատ» բառը ընդդիմադիրներին դուր չեկավ: «Տեսեք,- ասացին նրանք,- թե ինչպես է իշխանությունը պատկերացնում քաղաքական պայքարը»: Բայց թույլ տվեք հարցնել՝ իսկ ընդդիմությունն ա՞յլ կերպ է պատկերացնում: Արդյո՞ք 20 տարուց ավելի ընդդիմությունը փաստացի չի ասում՝ «սրանք գող, ավազակ, թալանչի են եւ նրանց պետք է ոչնչացնել», իսկ իշխանությունը չի ասում՝ «սրանք ուզում են երկիրը քանդել, եւ նրանց պետք է մեկուսացնել»: Այնպես որ՝ կողմերը, կարելի է ասել, «խորը խրամատներում» են:

Մեծ մասամբ «խրամատներում» են նաեւ լրատվամիջոցները, ինչը համապատասխանում է քաղաքական ուժերի «խրամատավորմանը»: Հնարավոր համարո՞ւմ եք, որ, ենթադրենք, որեւէ ընդդիմադիր կայք նկատի եւ չեզոք ձեւով արձանագրի հայաստանյան կյանքում որեւէ դրական երեւույթ: Իշխանամետ լրատվամիջոցներն այդ առումով ավելի զուսպ են: Նրանք, իհարկե, չափազանց տաղտկալի ձեւով արձանագրում են՝ «նախագահը գնաց այստեղ», «վարչապետը գնաց այնտեղ», բայց «հակաընդդիմադիր» քարոզչությունը, որպես այդպիսին, այս տարիներին զգալիորեն նվազել է: Համեմատաբար՝ իհարկե: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր տարիներ առաջ մոլեգնում «Հայլուրը»: Հիմա «հակաընդդիմադիր» բոցաշունչ ելույթներով պարբերաբար «մոլեգնում են» երիտհանրապետականները՝ խորհրդարանում եւ Ֆեյսբուքում: Այ, նրանք «խրամատը» երեւի ուղղակի իմաստով են հասկացել:

Մինչդեռ լրատվամիջոցների «խրամատում» չլինելը ես հասկանում եմ որպես կամուրջ եւ հավասարակշռություն տարբեր ուժերի միջեւ: Մի՞թե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ բոլոր մնացած խորհրդարանական ուժերի խոսքերի եւ գործերի մեջ չկա ռացիոնալ հատիկ: Գուցե փորձել համադրե՞լ դրանք: Ինձ, օրինակ, գաղափարապես ավելի մոտ են խորհրդարանից դուրս գտնվող «անկախական» ուժերը՝ ներկայիս ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հայրիկյանը եւ այլ նախկին խորհրդային այլախոհներ, Շանթ Հարությունյանը (ի դեպ, եկեք մտածենք, թե ինչու են նրանք բոլորը հայտնվել խորհրդարանից դուրս), բայց իմ մտքով չի անցնում քարոզել նրանց օգտին եւ մնացածներին դեմ:

Համաձայն եմ նրանց հետ, ովքեր ասում են, որ մեր բոլորիս խրամատը (այս անգամ՝ առանց չակերտների) միայն մի տեղ է՝ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Բայց արդյոք այդպես ասողները ներքին կյանքում չե՞ն գործում «խրամատային» տրամաբանությամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Տեղադրել (հրավիրել Արեւմտյան Աֆրիկայից) արգելափակող ստորաբաժանումներ (заградотряд) եւ չեն լինի դասալիքներ:

  2. Մարդ says:

    Ես առաջարկում եմ պատրաստել տալ Ֆրանսիայում կամ Անգլիայում «մոմից» մումիաներ բացակայողների արտաքինով « ներքինը կարեվոր չե , իզուր փողի ծուղակ է » .

    Կարծում եմ դրանք կարող են լրացնել բացակայողների տեղը , քանի որ կարեվորը «խրամատում լինելն է» .

    Իսկ բացակայողները թող ազատ «սամավոլկա» գնան եվ զբաղվեն իրենց կարեոր գործերով.

  3. Ceyran says:

    Իսկ գուցե որոշ պատգամավորների բացակայությունը ավելի դրական է ազդում ԱԺ-ի աշխատանքներին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930