Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը ոստիկանության զորավարժությունը հակաիրավական է համարում

Սեպտեմբեր 15,2014 23:02

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հակաիրավական է համարում նախօրեին Արզնիում անցկացված ոստիկանների զորավարժությունների սցենարը, բողոքի ակցիայի ժամանակ «Լեւոն, Լեւոն» վանկարկելը:

Հիշեցնենք, որ ըստ սցենարի բողոքի ակցիայի մասնակիցները իբրեւ թե չեն ենթարկվում ոստիկանության հրամաններին եւ Ազատության հրապարակից փորձում են հասնել Սահմանադրական դատարան: Կողմերի միջեւ պարբերաբար տեղի են ունենում բախումներ: Հնչում է պայթյուն, կրակոցներ: Ոստիկան-ցուցարարներն էլ իբրեւ թե ՀԱԿ-ականներ են՝ «Լեւոն, Լեւոն» էին կանչում:

«Երեւույթն է մտահոգիչ, իհարկե պետք է, որ ոստիկանները  իրազեկված լինեն, թե ինչպես պետք է  պահեն իրենց բազմամարդ հավաքների, անկարգությունների ժամանակ, բայց  այդպիսի զորավարժություններն այնպես կարելի է անել, որ ի ցույց հանրությանը չլինեն: Սրա նպատակն էր  ցույց տալ, թե ինչպես են ոստիկանները  պատրաստ  ցանկացած ժամանակ ճնշել հավաքները, հանրությանը ի ցույց դնել  ոստիկանության ուժն ու իշխանությունը պահելու պատրաստակամությունը»,- Aravot.am-ին ասաց պարոն Իշխանյանը:

Նրա խոսքով, նման զորավարժությունների ժամանակ պետք է փորձել պայմանական անուններ օգտագործել. «Ոչ թե հայտնի անուններ ներքաղաքական կյանքից: Քաղաքական  իրական անուններ դնելն ընդունելի չէ: Նույնիսկ կարելի էր արտասահմանյան անուն վերցնել, ոչ հայկական:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի հայտարարությանը, թե ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ ինչպես  խորհրդային տարիներին Հայաստանի ոստիկանությունը կոմունիստական կուսակցության պաշտպանն էր, անկախ Հայաստանի ստեղծվելուց հետո էլ  ոստիկանությունը իշխանությունների պաշտպան է:  Հանրությունը երբեք ոստիկանությանը չի զգացել որպես իր կամ հասարակական կարգի պաշտպան: Այդպես եղել է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, նույնն էլ հիմա շարունակվում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Ոստիկանության ծառայությունը նույնիսկ կառավարության կազմի մեջ չի  մտնում, այլ ուղղակի հենց ենթարկվում  նախագահին: Ոստիկանությունը ոչ թե օրենքին է հետեւում, այլ կատարում է  հրամաններ:

Ոստիկանության նման զորավարժությունը հակաիրավական է, բայց ոչ հակաօրինական, որովհետեւ Հայաստանում օրենքով ոստիկանությունը ենթարկվում է նախագահին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930