Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Քանի դեռ Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն` հայ-թուրքական հարաբերություններն անհնար են»

Սեպտեմբեր 15,2014 22:11

Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Վոլկան Բոզկիրն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել էր, որ բոլորը պետք է ապրեն միասին` հետեւում թողնելով անցյալում կատարվածը:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Նա ակնհայտ է համարում, որ այդպիսով թուրքական կողմն փորձում է ամեն կերպ ձերբազատվել հայկական հարցից` որպես իր վրա քաղաքական ճնշումներ գործադրելու գործոն.

«Եվրամիությունը բավական վաղուց եւ շատ ջանասիրաբար հետեւողականորեն հետամուտ էր լինում, որպեսզի հայկական հարցը առկա լինի թուրք-եվրոպական հարաբերություններում: Եվ անընդհատ Թուրքիային հիշեցնում են իրենց հանցագործությունների մասին հայության եւ ընդհանրապես մարդկության հանդեպ` փորձելով դրանով իսկ կանխել Թուրքիայի ազդեցությունը հարակից տարածաշրջաններում եւ հատկապես` թուրք-եվրոպական հարաբերություններում»:

Նրա խոսքերով` Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ հայկական հարցը` որպես այդպիսի գործոն, ընդհանրապես չեզոքանա եւ Եվրոպայի կողմից մոռացության մատնվի: Ըստ նրա` այդ է պատճառը, որ ամեն հարմար առիթ թուրքական կողմը ցանկանում է օգտագործել իր առջեւ ծառացած այդ խնդիրը լուծելու համար.

«Այս տարիների ընթացքում Թուրքիային դա չի հաջողվել, եւ չկան որեւէ հիմքեր պնդելու, որ հիմա, երբ որ Հայաստանը եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Թուրքիան ցանկանում է այդ փուլում ձերբազատվել` իր վրա ճնշում գործադրելու այդ գործոնից»:

Քանի դեռ հանցանքն իր պատիժը չի ստացել, եւ Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն հայ-թուրքական բարի դրացիական հարաբերությունները քաղաքագետն անհնար է համարում: Ըստ նրա` այդպիսի հայտարարություններով Թուրքիան պարզապես ցանկանում է ժամանակ շահել եւ ինչ-որ մի կերպ անցկացնել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սակայն, Թուրքիան հստակ հասկանում է, որ խուսափել Հայոց ցեղասպանության քննարկումից իրեն չի հաջողվի.

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում դա լինելու է տարածաշրջանի ամենամեծ հնչեղություն ունեցող գործընթացներից մեկը, եւ հետեւաբար` Թուրքիան այս փուլում փորձում է հնարավորինս այդ երկխոսության մեջ շեշտադրումները փոխել եւ փորձել ինչ-որ չափով խուսափել պատասխանատվությունից: Բոլորս հասկանում ենք, որ Էրդողանի ցավակցական նամակը` ուղղված ցեղասպանության զոհերի ժառանգներին, ըստ էության, ժխտողական քաղաքականության նոր մեխանիզմ է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930