Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խնդրել է Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը՝ օգոստոսի 7-ին գերեվարված և մեկ օր անց ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու առնչությամբ։
Այդ մասին «Ազատությանը» հաղորդեց Կարեն Պետրոսյանի ընտանիքի շահերը ներկայացնող աշխատանքային խմբի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության իրավաբան Քրիստինե Գևորգյանը։ Իրավաբանի խոսքով՝ խումբը, որում ընդգրկված են իրավապաշտպաններ ու փաստաբաններ, հանդիպել է Կարեն Պետրոսյանի ընտանիքի անդամներին, նրանցից համաձայնություն ստացել ստրասբուրգյան դատարան դիմելու համար։
«Սեպտեմբերի 10-ին աշխատանքային խումբը ուղարկել է դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այն վերաբերում է բացառապես ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ գործողություն կիրառելուն: Դա ընթացակարգ է, ըստ որի մինչև հիմնական դիմումի ուղարկելը դատարանին կարելի է խնդրել ձեռնարկել որոշ գործողություններ, այլ կերպ ասած՝ ապահովման միջոց: ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությանը մինչև սեպտեմբերի 26-ը ներկայացնել իրենց պաշտոնական դիրքորոշումը Կարեն Պետրոսյանի դին հետ վերադարձնելու առնչությամբ» – «Ազատության» հետ զրույցում ասաց իրավաբանը:
Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը նաև բացատրություն է խնդրել Բաքվից, թե ինչու մինչև օրս Կարեն Պետրոսյանի դին չի վերադարձվել հայկական կողմին․ – «Եվ հայտնի չէ, թե երբ հիմնական դիմումը ՄԻԵԴ-ի կողմից կուղարկվի: Առայժմ պարզ է, որ դիմումով կվիճարկվի կյանքի իրավունքը, մնացածը կախված է հետագա զարգացումներից»:
Կարդացեք նաև
Քրիստինե Գևորգյանն ընդգրկված է նաև այն աշխատանքային խմբում, որը տասն օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործով, ով ադրբեջանական գերության մեջ երեք ամիս անցկացնելուց հետո մարտին վերադարձվեց Հայաստան, ինչից ընդամենը մեկ ամիս անց մահացավ։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում