Մայր Աթոռի միաբան հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. Նա կոչով դիմել է երիտասարդ ընտանիքներին՝ ի հիշատակ Հայոց եղեռնի մեկ անմեղ զոհի, յուրաքանչյուրը մեկ զավակ լույս աշխարհ բերի: «Սա ոչ միայն կնպաստի մեր երկրի ժողովրդագրական պատկերի դրական փոփոխությանը, այլեւ յուրաքանչյուրի անհատական պատասխանը կլինի ցեղասպան պետության մերժողական կեցվածքին»,-համոզված է հայր Ռուբենը:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախաձեռնության նախապատմությանը նա նշեց. « Ամիսներ առաջ, երբ ընկերոջս երեխայի մկրտությունից հետո երիտասարդ ամուսինների հետ զրուցում էի, այդ խորհուրդը տվեցի, որ անմասն չմնան 100-րդ տարելիցի միջոցառումներից և իրենք էլ մեկ զավակ ունենան, մի քանի օր առաջ նրանցից մեկը արձագանքեց և ասաց, որ լուրջ մտադրվել են ամուսիններով, որ հենց այդ առիթով զավակն են ունենալու: Սա ինձ ոգեշնչեց և առիթը դարձավ, որ նման կոչով դիմեմ նաև մյուսներին»: Պարզվում է, որ արդեն 20 ընտանիք՝ Հայաստանից եւ Սփյուռքից, արձագանքել է հոգեւորականի նախաձեռնությանը:
Հայր Ռուբենը պատրաստակամություն հայտնեց նաեւ մկրտել այդ բալիկներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ