Երեկ Կոտայքի «ՍՕՍ մանկական գյուղի» Զառա մայրիկի տանն իսկական տոն էր: Երեխաները սեղան էին գցում, իսկ փոքրիկներից մեկը Լերմոնտով էր արտասանում:
Մայրը պատմեց, որ իրենք ոչ մի ծննդյան օր բաց չեն թողնում: Հոբելյարները կարող են հրավիրել իրենց դասընկերներին և խաղընկերներին:
Խոսելով մի տանիքի տակ ապրող տարբեր երեխաների դաստիարակության դժվարությունների մասին՝ նա նշեց, որ խնդիրները նույնն են, ինչպես բոլոր ընտանիքներում. անցումային տարիքի բարդություններ, դպրոցում ցածր առաջադիմություն: Չարաճճի Արտյոմն ուսումնական ունակությունների խանգարում ունի, դժվարությամբ է լեզու գտնում համադասարանցիների և ուսուցիչների հետ: Նրան տեղափոխել են հատուկ դպրոց: «Որոշակի դրական փոփոխություն է նկատվում»,- ուրախությամբ ասաց Զառան:
Կարդացեք նաև
Երեխաները շրջակա գյուղերի դպրոցներ են հաճախում, ոմանք՝ մանկապարտեզ: Ազատ ժամանակ սովորում են արհեստ և պար: Շատերն արդեն կողմնորոշվել են մասնագիտության հարցում՝ բժիշկ, փրկարար, ֆուտբոլիստ:
Ամալյա մայրիկի ընտանիքը տաղանդաշատ է: «Սա ես եմ Արայիկի աչքերով»,- ժպիտով պատմեց մայրը 8-ամյա նկարչի մասին: Գյուղի նախկին սան, 24-ամյա Գևորգը փայտագործությամբ է զբաղվել. հյուրասենյակում դրված են գեղեցիկ զարդանախշերով հենակներ ծաղկամանների համար: Փոքրիկ Տանյան կարուձև անել է սիրում: Մի զույգ հողաթափերն ու բարձն իր ձեռքի գործն են:
Ամալյա մայրիկի հպարտությունը քույր և եղբայր Կարոն և Մարինեն են, ովքեր մեծ հաջողությունների են հասել. աղջիկը սովորում է արտերկրում, իսկ տղան՝ պետական բուհում: Վերջինս հաճախ է այցելում իր ընտանիքի անդամներին:
«ՍՕՍ մանկական գյուղի» մանկավարժ Էդուարդ Թադևոսյանն ընդգծեց, որ իրենց գերնպատակը երեխաներին ընտանեկան ջերմություն տալն է: Նա կարևորեց նաև կենսաբանական ընտանիքը, որը ցանկալի հանգրվան է յուրաքանչյուր երեխայի համար: «Եթե երեխային հարցնես՝ որ մայրիկին է ավելի շատ սիրում, կասի՝ երկուսին էլ»: Նա նաև ներկայացրեց Եվրոպական Միության կողմից քննարկման ենթակա ծրագիրը ընտանիքի հայր ընտրելու վերաբերյալ:
Միակ խնդիրը չափահասներին աշխատանքով ապահովելն է: Մանկավարժը մանրամասնեց, որ հովանավոր կազմակերպության աջակցությամբ երեխաները ստանում են կրթություն, սակայն հետագայում դժվարանում են աշխատանք գտնել: ՀՀ կառավարության կողմից որևէ ֆինանսավորում չի իրականացվում:
Տեղեկացնենք, որ մանկական գյուղը հիմնադրվել է «Սոս-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 1990թ:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ