Լրահոս
Օրվա լրահոսը

Աճում է Մաքսային միությանը դեմ արտահայտվողների թիվը. իշխանականները չեն զարմանում

Սեպտեմբեր 15,2014 19:40

«Եթե ուսումնասիրեք այն ժամանակվա և այսօրվա արձագանքները, ապա պարզ կդառնա հակառակը, որ մենք չենք թերացել»-Aravot.am-ի հարցին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Մաքսային միության (ՄՄ) անդամակցության առումով հասարակության շրջանում դրական կարծիք ունեցողների թիվը տարեցտարի նվազում է, գուցե դա իշխանությա՞ն թերացումն է, որ հասարակությանն ինչպես որ հարկն է տեղեկատվություն չի տրվել, այսպես պատասխանեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Գելափ Ինթերնեյշնլի ներկայացուցչության հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ 2013-ին մինչև Սերժ Սարգսյանի հայտարարելը, որ ցանկանում ենք միանալ ՄՄ-ին, անդամակցությանը կողմ է եղել հարցվածների 67 տոկոսը, հայտարարությունից մեկ ամիս անց այդ ցուցիչը դարձել է 64 տոկոս, մեկ տարի անց հասարակության 57 տոկոսն է կողմ անդամակցությանը:

Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյան

Այս առիթով Հովհաննես Սահակյանը մանրամասնեց. «Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին և հանրությանը ճիշտ մատուցել, թե որ գործողությունն ինչի համար ենք անում և ինչպիսի օգուտներ կարող են այդ քայլերը տալ մեր ժողովրդին ու պետությանը: Կարծում եմ՝ պետք է նախևառաջ պարզ ներկայացնենք մեր հանրությանն այն ակնկալիքներն ու հետևանքները, որոնք կարող են թե′ դրական, թե′ բացասական առումով ունենալ Եվրասիական տնտեսական միության անդամակցության և չանդամակցության պարագայում: Սա կարևորագույն քայլերից մեկն է. մեր ժողովուրդը քաջ հասկանում է տարածաշրջանային այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում և որի արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ»:

Պարոն Սահակյանը չի զարմանում, որ հասարակության շրջանում կարող են կողմ և դեմ արտահայտվողներ լինել, նաև պետք է ընդունել, որ ցանկացած միության անդամակցություն կարող է դրական և բացասական հետևանքներ ունենալ, բայց պետք է ծանրութեթև անել դրականն ու բացասականը:

Մեր այն դիտարկմանը, գուցե հասարակությունը հիմա ավելի շա՞տ բան գիտի ՄՄ-ի մասին, դրա՞ համար է հիասթափվել, պարոն Սահակյանն արձագանքեց. «Այդ թվերը եկեք դնենք մի կողմ, դա պետք է ամբողջության մեջ դիտարկել: Մենք չենք կարող մեկ հարցի արդյունքում ամբողջական պատկեր ստանալ: Կարծում եմ՝ բոլորս էլ անելիք ունենք հասարակությանը Մաքսային միության անդամակցության դրական ու բացասական կողմերը ներկայացնելու առումով»:

Հարցին՝ արդյոք ռիսկային չէ՞ հասարակության նման տրամադրվածության պարագայում գնալ Մաքսային միություն, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ռիսկային չէ, ռիսկային ասածը պետք է նայել մեր ժողովրդի անվտանգության առումով»:

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար զարմանալի չէ հասարակության նման տրամադրվածությունը: Նա հավելեց. «Մինչ հայտարարելը Մաքսային միության անդամակցության մասին, քննարկում չէր եղել, և Սերժ Սարգսյանը բացառապես անձնական որոշումը ներկայացրեց սեպտեմբերի 3-ին և ընդամենը երկու ժամ հանդիպելով Պուտինի հետ՝ 180 աստիճանով փոխեց արտաքին քաղաքական կուրսը, ինչը որևէ դրական գնահատականի չէր կարող արժանանալ»:

Պարոն Մարտիրոսյանի համար զարմանալի է, թե պետությունն ինչ հաշվարկներ է արել անդամակցության առումով. «Այս իրավիճակում ՀՀ-ն որևէ քայլ չի կարող անել առանց ՌԴ իշխանությունների համաձայնության, և ՀՀ իշխանությունների բոլոր վախերը Պուտինի կողմից բռնված են: Նվազագույնը առողջ տրամաբանությունը հուշում է, որ այն տնտեսությունը, որ նորարարություններ, նոր տեխնոլոգիաներ, նոր ներդրումներ, ազատ մրցակցային գաղափարախոսություն չի կարող տալ, այն տնտեսությունը, որը կոռումպացված է մինչև վերջ, գտնվում է պատժամիջոցների տակ, այդ տնտեսության հետ հարաբերություն ունենալն ուղղակի անթույլատրելի է: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս հեռու լինել այդպիսի միավորումից: Բայց քանի որ ՀՀ-ում առողջ քաղաքականություն կոչվածը բացառապես վերաբերում է իշխանություն կեղծելուն, յուրացնելուն, երկրի ռեսուրսները մի խումբ անձանց շահերին ծառայեցնելուն, ուստի դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները»:

Հասարակական տրամադրվածության մասին պարոն Մարտիրոսյանն ասաց հետևյալը. «Հասարակությունն արդեն մի փոքր ավելի շատ պատկերացում ունի Մաքսային միության սպառնալիքների մասին, դա է պատճառը հիասթափության»: Հարցին այդ դեպքում ընդդեմ Մաքսային միության ինչո՞ւ լուրջ դիմադրություն չեղավ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանվեց. «ՀՀ-ում ամեն մեկը ճիշտ է յուրովի, միասնական չեն, քանի որ ամեն մեկն ինքն է կուրծք ծեծում ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք շահը կոնկրետ զգում են ու կոլեկտիվ միավորվել են այդ շահի շուրջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930