«Ոչ մտահոգվել, ոչ մտավախություն ունենալ, ոչ էլ, միեւնույն ժամանակ, ոգեւորվել է պետք: Արցախի հարցում միջազգային ընկալումների որոշակի տրանսֆորմացիայի հետ, կարծում եմ, գործ ունենք: ԵՎ դա, իմ տպավորությամբ, իրավիճակային չէ: 2007թվականից ի վեր միջնորդները հույս ունեին, որ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա հնարավոր է բանակցող կողմերին` Հայաստանին եւ Ադրբեջանին, բերել հուսալի համաձայնության: Տեսականորեն եւ, ինչու չէ, գործնականում դա արդարացված սպասում էր, բայց Ադրբեջանը փոխզիջման գնալու որեւէ պատրաստակամություն չդրսեւորեց»,- Aravot.am-ի դիտարկմանն այսպես արձագանքեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Վերջերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը ճանաչեց ԼՂՀ անկախությունը, ապա, որոշ ժամանակ անց` սեպտեմբերի 12-ին, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Բասկերի երկրի Գիպուզկոա նահանգը մի օր առաջ էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Թեպետ աշխարհաքաղաքական խաղացողներից որեւէ մեկը դեռ նման հեղափոխական քայլի չի գնում, բայց ստեղծված աշխարհաքաղաքական այս իրավիճակում հայկական երկրորդ պետության համար կարծես բավական նպաստավոր պայմանների նախադրյալներ են ստեղծվում: Aravot.am-ը Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեց` ի՞նչ մտահոգություններ, մտավախություններ կամ ոգեւորություններ դրսեւորել այս իրավիճակում:
Ադրբեջանի` վերոնշյալ դիրքորոշման պարագայում, ըստ Վահրամ Աթանեսյանի, այլընտրանքը կամ պատերազմի վերսկսումն է, կամ Արցախի փաստացի կարգավիճակի լեգիտիմացումը. «Քանի որ առաջինը բացառվում է, որովհետեւ չկա երաշխիք, թե «տեղային» պատերազմը չի վերաճի տարածաշրջանայինի` դրանից բխող լրջագույն հետեւանքներով, ուրեմն մնում է երկրորդ ճանապարհը: Ուշադրություն դարձնել է պետք, որ Կալիֆորնիան ԼՂՀ անկախությանը սատարող բանաձեւ ընդունեց սահմանային եւ շփման գծի աննախադեպ լարվածությունից հետո` օգոստոսի 28-ին, Արցախի հանրապետության հռչակման տարեդարձի նախօրեին: Դա շատ խորհրդանշական ուղերձ է: Բասկերի երկրի խորհրդարանի բանաձեւը նույնպես դիտարկելի է այդ համատեքստում, թեեւ այստեղ կա նաեւ համերաշխության գործոնը»:
Մեր զրուցակիցը համամիտ է` որեւէ մեկը հենց այնպես նման լուրջ որոշում չի կայացնում. «Ամեն ինչ նախապատրաստվում է տքնաջան դիվանագիտական աշխատանքով: Այս իմաստով, կարծում եմ, լիովին արդարացված է, որ հայկական կողմերը հարցի խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությանը զուգահեռ զարգացնում են նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնություններ: Պետք է հուսալ, որ առաջիկայում նոր դրսեւորումների էլ ականատես կդառնանք: Պետք է անդուլ աշխատանք տանել: ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն այս օրերին Բասկերի երկրում էր: ԵՎ դրանով շատ բան է ասվում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ