Շրջանառության մեջ է դրվել եւ Ազգային ժողով է ներկայացվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նպատակն է կարգավորել անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, «անձնական տվյալները մշակելու ընթացքում» մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:
Օրենքը ութ գլխից է բաղկացած, հոդված քսանինից, որտեղ անցումային դրույթներն են:
Վերլուծելով ընթացիկ վիճակը, նախագծի հեղինակները փաստում են, որ «դարաշրջանի պահանջները մղում են» անձնական տվյալների ավելի բարձր պաշտպանության, «հզորացման ուղղությամբ համապատասխան քայլեր» անելու:
Նախագծի հեղինակներն ակնկալում են կարգավորել տեղական ինքնակառավարման մարմինների, պետական համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալներ մշակելու հետ կապված հարաբերությունները:
Նախագծում կիրառվում են «հանրամատչելի անձնական տվյալներ», «հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ»,«կենսաչափական անձնական տվյալներ», պարզապես «անձնական տվյալներ» բառակապակցությունները:
Հանրամատչելի են համարվում օրինակ, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման վայրը, մահվան վայրը, ամսաթիվը:
«Հանրամատչելի տեղեկատվական ռեժիմի» տակ են ընկնում հեռախոսային տեղեկատուները, հասցեների գրքերը, մասնավոր հայտարարությունները:
Հատուկի մեջ ներառված տվյալները օրենքի սահմաններում են տրամադրվում, հավանաբար, օրենսդիրը նկատի է ունեցել իրավապահ մարմինների, նախաքննության փուլում առկա տվյալները, բանկային, հազարումի գաղտնիքի մեջ ներառվող տվյալների տրամադրումը:
«Տվյալների սուբյեկտը» իրավունք ունի իր մասին տեղեկություններ ստանալ այն մարմնից, որը փորձելու է ստանալ տվյալները:
Օրենքը «հասարակ տվյալներ» ունեցող քաղաքացու համար դժվար ընկալելի է, այն անգամ իրավաբանների հետ «վերծանելիս» բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
Գրավոր հարցումը ստանալուց հինգ օրվա ժամկետում հնարավորություն կտրվի հարցման օրինական սուբյեկտին ստանալ տվյալները:
Իսկ թե ինչու հինգ օրվա ժամկետ, դեռ պարզ չէ:
Արդարադատության նախարարությունում ստեղծվելու է լիազոր մարմին, որի լիազորությունները սահմանելու է գործադիր մարմինը՝ կառավարությունը:
Այս մարմինն օժտված է լինելու անգամ վարչական վարույթ հարուցել, արգելել անձնական տվյալների տրամադրումը՝«արգելափակել», իր որոշումների կատարումը հարկադրելու պահանջով դատարան դիմել:
Անձնական տվյալներ ստանալիս, այս մարմինը տվյալների տիրապետողից կարող է ըստ այս օրենքի, «օգտագործվող սարքերն ու փաստաթղթերը», այդ թվում՝ համակարգչային ծրագրերը ստուգել:
Լիազոր մարմնի ղեկավարը նշանակվում է հինգ տարով, հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածուների առաջարկելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:
Մնում է մեկ անգամ եւս զննել օրենքի նախագիծը հասկանալու համար, թե ինչ մարմնի հետ ենք գործ ունենալու անհատական հասարակ, «շարքային» տվյալներ ունեցողները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ