Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Եթե Ազնավուրն ուզում է ազատ լինել եւ գործել սեփական նախաձեռնությամբ, ապա որպես դեսպան նա չի կարող գործել»

Սեպտեմբեր 15,2014 19:10

Ֆրանսահայ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Hollywood Reporter-ի հետ հարցազրուցում, խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, հայտնել էր, որ ինքը շուտով հանդիպելու է Թուրքիայի դեսպանի հետ, սակայն դրա մասին նախապես չի տեղեկացրել, «քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում»։ Շառլ Ազնավուրը հարցազրույցում նաեւ նշել է, որ աշխատում է ինքնուրույն, առանց նախագահին հարցնելու, սակայն հետո հայտնում է դրա մասին։

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։ Հետաքրքրվեցինք, արդյո՞ք ճիշտ է դեսպանի նման գործելաոճը՝ անել, հետո տեղեկացնել, ինչին պրն Պապյանը պատասխանեց, որ բոլոր դեսպաններն էլ արտակարգ եւ լիազոր դեսպաններ են, որն էլ նշանակում է, որ իրենք ի սկզբանե լիազորված են որոշակի արտակարգ լիազորություններով իրականացնելու քաղաքականությունը. «Եթե այդ քաղաքականությունը, որն իրականացնում է դեսպանը, գտնվում է այն շրջանակի ներսում, որ պետության քաղաքականությունն է, այդտեղ հարց չի կարող առաջանալ,ամեն ինչ օրինական է։ Դեսպանն ազատ է իր քայլերում, նա ազատ է իր շրջանակի մեջ, դրանից դուրս նա բացարձակ ազատ չէ։ Հակառակ դեպքում ամեն մի դեսպան կկարողանա իրականացնել իր քաղաքականությունը եւ խառնաշփոթ կառաջանա»։

Պրն Պապյանը ոչ մի խնդիր չի տեսնում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման մեջ. «Բայց, եթե որպես դեսպան, ինչ-որ հարցի շուրջ պետք է բանակցություն իրականացնի, ապա անհրաժեշտ է հստակ իմանալ՝ որն է այն շրջանակը, որտեղ պետք է գործել։ Դեսպանի կողմից արտահայտած տեսակետը պետության տեսակետն է։ Այս պարագայում, եթե Ազնավուրն ուզում է անկախ լինել, ազատ լինել եւ գործել սեփական նախաձեռնությամբ, ապա որպես դեսպան նա չի կարող գործել»։

Հարցազրույցում նաեւ Շառլ Ազնավուրը ասել էր, թե ինքը ոչինչ չունի այսօրվա թուրքերի դեմ, քանի որ ցեղասպանությունը կատարել են նրանց պապերը: Դեսպանի այս խոսքերը մեկնաբանելով՝ պրն Պապյանը նշեց, որ նման գնահատականը երգչի գնահատական է, սակայն դեսպանի գնահատական չէ. «Անգամ ներկայիս Գերմանիան պատասխանատու է Հոլոքոստի համար, եւ իր քայլերով  դա ցույց է տալիս։ Նույն տրամաբանությամբ, եթե մոտենայինք, ապա այսօրվա Գերմանիան պետք է պատասխանատու չլիներ Հոլոքոստի համար։ Գոյություն ունի պետությունների շարունակականություն, եւ, վստահաբար, այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրության շարունակությունն է»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դուք, ընդհանրապես, Շառլ Ազնավուրի քաղաքակա՛ն գործունեությունից բան հասկանու՞մ եք: Ես չեմ հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930