Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի Զովաբեր գյուղում պտտահողմ է բարձրացել՝ զգալի վնաս պատճառելով գյուղատնտեսությանը և գյուղացիների գույքին: Ականատեսների խոսքով՝ այն սկիզբ է առել Կաքավաձորից և անհետացել Զովաբերի ամայի հողատարածքներում: Գյուղապետ Սամվել Եսայանի գնահատմամբ՝ վնասը հասնում է մոտ 2 մլն դրամի: Կազմվել է հաշվետվություն և ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարան:
Պտտահողմը քշել-տարել է մի քանի տանիքների թիթեղները, արմատախիլ արել բերքատու ծառեր: Թիթեղներից մեկը կոտրել է գյուղի բնակիչ Վարդան Գաբրիելյանի տան գազի խողովակը և քերծել վերջինիս մեքենան: «Վախեցա տնից դուրս գալ. հոսանքի լարերը ամբողջովին խառնվել էին իրար»,- ասաց տանտիրուհին:
Կարդացեք նաև
Գյուղը մոտ մեկ ժամ հոսանքազրկված է եղել: Զովաբերցիները հուսով են, որ մարզպետարանը կփոխհատուցի վնասը:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ