«Բազմիցս են հնչել ոստիկանների անուններ, որոնք խոշտանգել են, մասնակցել են խոշտանգումների: Նրանց նկատմամբ ոչ միայն որեւէ դատական գործ չի հարուցվել եւ նրանք չեն պատժվել, այլեւ համակարգից չեն հեռացվել: Այնպես որ, Վլադիմիր Գասպարյանի ասածները վստահություն չեն ներշնչում, դրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր են, բայց իրականում այդ հայտարարության տակ որեւէ լուրջ հետևանքներ չեմ տեսնում»,- սեպտեմբերի 15-ին Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսպես արձագանքեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, որ ինքն էլ կուզենար, որ իրենց միջի տականքին համակարգից տարանջատեին. «Քաղաքացին պետք է մեր թերությունը մեզ ասի: Եթե գիտեք, մատնացույց արեք, մենք կողմնակից ենք լավ ոստիկանություն ունենալուն»:
Ավետիք Իշխանյանը օրինակ է ասում՝ «Հենց միայն Գրիշա Վիրաբյանի հետ կապված հարցում, որ հայտնի է, թե ով է նրան խոշտանգել, նա բարձր պաշտոն ստացավ: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Կարող եմ կոնկրետ անուններ ասել ոստիկանների, որոնք խոշտանգումների են մասնակցել, բայց ոչ միայն պատիժ չեն կրել, այլեւ համակարգում շարունակում են աշխատել»:
Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասել էր, որ քաղաքացիները լավը ոստիկանության մեջ չեն նկատում, իսկ երբ վատը տեսնում են, վերագրում են ամբողջ համակարգին:
Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ «Նրա ասածի մեջ կարող է որոշակի ճշմարտություն լինի, բայց ընդհանրապես պետությունը չպիտի սպասի, որ եթե որեւէ փոքրիկ դրական քայլ ենք տեսնում, բոլորս պիտի ոգեւորված ասենք՝ ի՜նչ լավ է: Բնականաբար, մենք ավելի շատ վատն ենք տեսնում ու հատկապես՝ նախաքննության ժամանակ: Եթե մենք տեսնենք, որ այդ վատը շտկվում է, նաեւ լավի մասին կասենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ