Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնատերերը պատրաստվում են դիմել ՀՀ-ի, ԼՂՀ-ի նախագահներին եւ ազգային անվտանգության ծառայությանը

Սեպտեմբեր 15,2014 18:12

Այսօր մենք ահազանգ ստացանք, որ ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր գյուղում Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղի բնակիչ Մհեր Անդրեասյանին պատկանող անասնագոմից անասուններ են անհետացել: Անասնատիրոջ խոսքով` իր հարազատների եւ ընկերների անասունները կենտրոնացրել էին տվյալ տարածքում, որտեղ պայմաններն ավելի բարենպաստ էին անասնապահության համար, սակայն վերջին 2-3 ամսվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է իրենց անասուններն անհետանում են:

Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում անասնատերը հավաստիացրեց, որ անասունները գողացել են եւ անցկացրել Իրանի սահմանը` ցույց տալով ձեռքի տակ եղած նկարները: «Առաջին անգամ հունիսի 10-ին են անասունները կորել, 11 անասուն անհետացել էր: Սկզբից չէինք մտածում տարել են, մտածում էինք արոտավայրից են կորել, անասնապահն ասում էր, որ գալիս են անասնագոմից տանում, բայց մենք նրան չէինք հավատում: Մի որոշ ժամանակ անց 17 հատ են տարել, ոստիկանություն էինք դիմել, փնտրում էին, մենք սահմանը բացառել էինք ու սարերում, ձորերում, Մեղրիի ու Ղարաբաղի գյուղերում էինք փնտրում: Բայց մոտ մեկ շաբաթ առաջ, երբ 7 հատն էլ կորավ եւ մի ցուլիկը սահմանապահ ուղեկալում, 3-րդ զաստավում կապած վիճակում ենք տեսել, էդտեղից սկսել ենք սահմանի վրա ուշադրություն դարձնել», – ասաց Մհերը եւ հավելեց, որ երկու օր առաջ էլ անասուններից 28-ն է անհետացել: Դեպքից անմիջապես հետո ուղեւորվել են Ծոփաձոր գյուղ եւ իրենց սեփական աչքով տեսել կովերի կճղակների, մարդկանց ոտնահետքերի տեղերը սահմանի երկայնքով:

anvtangutyun2 anvtangutun3 anvtangutyun4

«Ամբողջ խնդիրն այն է, որ սահմանապահները հերքում են, որ անասունները սահմանն անցել են, խախտումը չեն ուզում ջրի երես հանեն: Հերքում են էդ փաստը, իսկ կովի կճղակների հետքերը երեւում են, 3-4 մարդ է մասնակցել այս գործողությանը, 3-4 տեսակի ոտնահետք կա, տապչկայի, բոթասի, ու էդ հետքերը գոմից մինչեւ Արաքսը կար, նկարել ենք բոլոր հետքերը: Ցավալին այն է, որ սահմանապահներն ուզում են փաստը հերքեն, հասկանում ենք դա իրանց վրա մինուս է, բայց մենք չենք ուզում լռենք, ամեն ինչ թող բացահայտվի, բոլոր հետքերը տանում են դեպի սահման: Մեր սահմանապահների եւ իրանական կողմի սահմանապահների միջեւ համագործակցության, առեւտրի խնդիր ենք տեսնում: Բացառվում է նույն տեղով 3-4 անգամ անասուն անցնի ու սահմանապահները չնկատեն: Իսկ այդտեղ հսկողությունն ԱԱԾ-ն է իրականացնում, որքան տեղյակ ենք: Կովի թարմ թրիքի հետքերը, նախորդ անգամվա տարածներից հին, չորացած թրիքի հետքերը եւս երեւում են, սահմանի երկարությամբ 3 կմ քշել են բերել հարմար տեղ, որտեղ Արաքսի խորությունը ծնկներից է, այդտեղով միջանցք են ճղել ու անցկացրել: Սահմանապահներին կանչեցինք, եկան- տեսան ու համոզվեցին: Մենք ասում ենք նիուժելի ոչ մեկդ էսքան բան չեք տեսել մի անգամ», -ավելացրեց անասնատերը եւ տեղեկացրեց, որ դիմել են Քաշաթաղի շրջանի ոստիկանությանը պարզելու համար, թե ովքեր են տարել անասունները: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Սակայն մեզ չհաջողվեց ճշտել, թե գործն ինչ ընթացքի մեջ է, հետաքննությունը վարող ոստիկանության աշխատակից Արտակ Մարությանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել գործի վերաբերյալ:

Անասնատիրոջ խոսքով` 8 ամիս է, ինչ իրենց անասունները տեղափոխել են Քաշաթաղի շրջան, մինչեւ վերջին 2-3 ամսվա դեպքերը նման դեպք իրենց անասունների հետ չէր եղել, սակայն այլ անասնատերերից նման դեպքերի մասին լսել էին:
Մհերի փոխանցմամբ` սահմանապահները իրանական կողմի հետ բանակցություններ են տանում անասուններին ետ բերելու ուղղությամբ, սակայն արդյունք չկա, վերջիններս հերքում են, որ անասուներն անցել են իրենց սահմանը: Վերջինս ցավով է նշում, որ 15 տարվա չարչարանքը ջուրն է ընկել մի քանի ամսում, 20-25 մլն դրամի կորուստ են ունեցել եւ ոչ մեկը պատասխանատվություն չի կրում ու լուրջ քայլեր չեն ձեռնարկվում դրանց վերադարձման ուղղությամբ:

«Մենք ցանկացել էինք ընդլայնել, ավելի բարենպաստ պայմաններում անասնապահությամբ զբաղվենք, հաշվի ենք առել, որ սահմանը մոտ է, սահմանապահները որոշ չափով կօգնեն, ապահով կլինի, կաջակցեն, հեռու կլինենք նման խնդիրներից, բայց այնինչ հակառակ պատկերն է ստացվել: Ստիպված էլ էնտեղից քոչում ենք, էսօր եթե ապրանքն են տարել, վաղը մյուս օրն ամեն ինչ էլ հնարավոր է, անասնապահի ընտանիքին կարող է մի վնաս հասցնեն: 15 տարվա մեջ հասել ենք էդ արդյունքին, 5 կով ենք վերցրել պահել, սարքել էսքան, բազմացրել ու էսօր գան տանեն ու անհայտ է մնացել մեզ մոտ, թե ով կամ ովքեր են տանողները: Բայց, Արաքս գետն անցկացրել են, հեռադիտակով նայել ենք սահմանի մյուս կողմը թրիքի հետքերը լրիվ պարզ երեւում են, հիմա տուպիկի առաջ ենք կանգնած: Եթե սահմանի վիճակը սա է լինելու, մեր անասունը կտեղափոխենք էնտեղից ու արդեն անելու բան չունենք ազատագրված տարածքներում, ամեն տեղ դիմելու ենք, որ մեր ապրանքը վերադարձնեն», – հավելեցին անասնատերերը եւ նշեցին, որ պատրաստվում են դիմել ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի նախագահներին եւ սահմանային հսկողությունն իրականացնող ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, քանի որ այստեղ նաեւ երկրի անվտանգության հարց կա:

Սյունիքում գործող «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» հ/կ նախագահ Արթուր Ղազարյանը երկու լուրջ խնդիր է տեսնում այստեղ: Նախ` գյուղատնտեսության զարգացման պայմանների բացակայությունը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատմանը, ինչն իր հերթին արտագաղթի առաջ կկանգնեցնի աշխատավորներին: Եվ երկրորդ կարեւորագույն հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, ինչն այսօրվա պայմաններում խիստ մտահոգության տեղիք է տալիս:
«Այսօր Մեղրիի սահմանն ամուր հսկողության մեջ է, իսկ սահմանի շարունակությունը պարզվում է բարձիթողի վիճակում է: Էական չէ ԼՂՀ-ի՞, թե՞ ՀՀ-ի ԱԱԾ-ն է հսկողություն իրականացնում այնտեղ, եթե այսօր սահմանը բաց վիճակում է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Այսօրվա աշխարհաքաղաքական վիճակում իրավունք չունենք սահմանը նման վիճակում պահենք, եթե անասուն են տանում, վաղը մյուս օրը կարող են ամեն ինչ տանել կամ մյուս կողմից անցկացնեն, իսկ տվյալ անասնատերերը հիմնավորում են, որ հետքեր ունեն, լուսանկարներ կան արված: Եթե անասունների տանելը կազմակերպված չի` ուրեմն սահմանը լավ չի պահվում, իսկ եթե կազմակերպված է` ապա հարցն արդեն ամբողջովին իրավական մոտեցում է պահանջում, իրանական կողմն էլ փաստորեն խնդիր ունի: Անկախ նրանից, թե որ երկրի սահմանն է, պետք է անառիկ լինի եւ հնարավորինս ուժեղ հսկողություն տարվի այդտեղ: Միջին արեւելքում վիճակը ծանր է, մեր աշխարհաքաղաքական խնդիրն էլ չպետք է մոռանանք, հարցն այստեղ կովերը չեն, եթե էսօր հեշտությամբ կովեր են անցկացնում, վաղը հնարավոր է մարդ էլ անցկացնեն եւ այլն…», – նշեց Արթուր Ղազարյանը:

Իսկ, թե իրականում ինչպե՞ս են անասուններն անհետացել, իրոք սահմանն անցե՞լ են եւ արդյոք սահմանապահներն իրենց մեղքի բաժի՞նն ունեն, արդեն գործի հետագա ընթացքը ցույց կտա: Պատրաստ ենք նշված խնդրի վերաբերյալ լսել նաեւ տվյալ կողմի պարզաբանումը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930