Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանին կանչում են Գյումրի՝ ոստիկանական համակարգի «տականքների» ցուցակը տալու

Սեպտեմբեր 15,2014 17:59

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո  լրագրողների հետ զրույցում խոսելով ցուցարարներին զսպելու ոստիկանների մեթոդների մասին՝ նեղսրտել էր,  որ քաղաքացիները ոստիկանության մեջ լավը չեն նկատում, իսկ երբ վատը տեսնում են, վերագրում են ամբողջ համակարգին, մինչդեռ ինքն էլ կուզենար, որ իրենց միջի տականքին համակարգից տարանջատեին. «Եթե գիտեք, մատնացույց արեք, մենք կողմնակից ենք լավ ոստիկանություն ունենալուն: Քաղաքացին պետք է մեր թերությունը մեզ ասի»,- ասել էր պարոն Գասպարյանը:

Levon Barseghyan

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «ժամադրեց» Վլադիմիր Գասպարյանին Գյումրիում, որ հերթով ասի ոստիկանների «տականքներին». « Բազմաթիվ հաղորդումներ կան հանցագործությունների մասին, բազմաթիվ հաղորդումներ են եղել ԶԼՄ-ներով ոստիկանների ապօրինի վարքի մասին, կատարած հանցանքների ու զանցանքների մասին, բայց տեսել ենք, որ այդ մարդը ցանկություն չունի տականքին իր աշխատակազմի միջից հանելու: Գյումրիում ոստիկանները բազմաթիվ հանցագործություններ են արել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին մենք բազմաթիվ հայտարարություններ ունենք արած, որ չեմ էլ հաշվել: Տարիներ շարունակ որեւէ լուրջ հետաքննություն դրանց հետ կապված չի եղել: Քրեական գործեր նույնիսկ չեն հարուցել՝ իբր հանցակազմի բացակայության պատճառով: Բազմաթիվ են օրինակները, եւ եթե իսկապես լուրջ է ուզում գտնել, ձեւի համար հայտարարություն չի անում, հրավիրում եմ Գյումրի քաղաք՝ մեր ակումբ, ես իրեն հատիկ-հատիկ ապացուցեմ, թե ինչպես են իր ոստիկանները բազմաթիվ հանցագործություններ կատարել մեր քաղաքում:

Քարտեզը թող բացի, մատը դնի որտեղ կուզենա, ես ցույց տամ այդ մարզում ոստիկանների կատարած ինչ-ինչ հանցագործություններ: Ու տեսնենք ինչեր է հետաքննել, ինչեր է պարզել: Չէ, այդ մարդկանց ցանկությունը բոլորովին այդ չէ: Եթե ցանկություն ունենային ազատվել, վաղուց ազատված կլինեին այդ տականքից: Այդ տականքն այնպիսի ծավալ ու մասշտաբ ունի ոստիկանական համակարգում, որ հասարակական ընկալման մեջ շարունակում է մնալ որպես մենթանոց, մենթերի տեղ, որտեղ կան բարեխիղճ ոստիկաններ, բայց տեսակարար կշիռ չունեն: Մենք մեր ջանի վրա տարեկան 28 մլրդ դրամով ոստիկանություն ենք պահում, որոնք շարունակում են սահմանափակել մեր իրավունքները, փակ հիմնարկներում էլ, կալանավայրերում էլ, զանազան հանցանքներն ու խոշտանգումների օրինակներն էլ չասած»:

Լեւոն Բարսեղյանը նաեւ կոնկրետ օրինակ բերեց. «Դատարանում մենք ապացուցել ենք, որ իրենք ապօրինաբար են ինձ բռնել տարել 2011-ի սեպտեմբերի 21-ին: Խելոք, ականջները կախ ընդունել են, չեն էլ բողոքարկել: Ի՞նչ եղավ այն ոստիկանների հետ, որոնք ինձ բռնել տարել էին, պաշտոնական առաջխաղացում եղավ: Այ ընկեր, հիմա դու ի՞նչ ես խոսում: Դու ո՞վ ես, որ նստել խոսում ես միջի տականքին հանելու մասին: Դեկտեմբերի 2-ին ինչի՞ ինձ բռնեցիր տարար, ա՛յ Վովա Գասպարյան: 110 հոգու ինչի՞ ես բռնել տարել, ի՞նչ էինք արել»:

Լեւոն Բարսեղյանը վստահեցնում է, որ իրեն հանդիպել են հազվագյուտ բարեխիղճ ոստիկաններ եւ հազարավոր մենթեր. «Մենթ ասելիս՝ ես նկատի ունեմ օրինախախտ, հանցագործ ոստիկանի, որը զանազան ճանապարհներով ծառայում է իրեն հրաման տվողին, քան թե նրանց, ում հարկի հաշվին ինքը աշխատավարձ է ստանում: Վովայի մտածողությունը վաղուց հայտնի է, տեղավորվում է իշխանություն պահելու տրամաբանության մեջ: Ով էլ լինի իրեն հրաման տվողը, անցած տարիների ընթացքում երեւացել է, որ ամբողջ ռազմավարությունը միտված է իշխանության հավերժացմանը: Այդ համատեքստում է, որ ինքը երբեմն-երբեմն մտքեր է արտահայտում, փորձում է իր խելքով ահաբեկել, վախեցնել ինչ-ինչ ցուցարարների: Կգա ժամանակը, որ ինքն էլ, իրեն հրաման տվողն էլ կկանգնեն դատարանի առաջ՝ իրենց չարագործությունների համար պատասխան տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Photolur-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930