Սեպտեմբերի 14-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում հանդիպում կայացավ, որին մասնակցում էին գյուղի դպրոցի բարձր դասարանցիներ, երիտասարդներ, Բերդավանի բնակիչներ: Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հանդիպումների մասնակիցներ Նորայր Եղիազարյանը, Արփինե Ջավադյանը, Սեւակ Կիրակոսյանը տպավորություններ պատմեցին ադրբեջանցի իրենց հասակակիցների հետ հանդիպումներից , ներկայացրին Թեքալիի խաղաղասիրական գործընթացի էությունը, կոչ արեցին կյանքում լինել ակտիվ, ունենալ քաղաքացիական դիրքորոշում:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, ուսանող Նորայր Եղիազարյանն իր ելույթում ասաց, որ բոլորի մաղթանքը խաղաղությունն է: Նա Թեքալիում կայացած հանդիպումների վերաբերյալ հայտնեց. «Երբ ես առաջին անգամ էի գնում Թեքալի, չէի պատկերացնում, թե ոնց կարելի է ադրբեջանցու հետ նստել նույն սեղանի շուրջ, նրա հետ զրուցել, բանակցել, գալ ընդհանուր հայտարարի, ընդհանրապես՝ նրա երեսին նայել: Բայց ոչ միայն զրուցեցինք, եկանք ընդհանուր հայտարարի, նաեւ բաժակ բարձրացրինք եւ խմեցինք մեր ազգերի կենացը»:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Թեքալիում կայացած արվեստի փառատոնի, խաղաղասիրական ճառերի մրցույթի մասին տեսաֆիլմ: Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ին Թեքալիում կկայանան հերթական հասարակական լսումները, որոնք առնչվում են ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղիներին:
Կարդացեք նաև
Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին երիտասարդության հետ հանդիպում էր կայացել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ