Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Արցախի ճանաչումը ցույց է տալիս, որ մեզ դիտարկում են որպես նորմալ եւ քաղաքակիրթ երկիր»

Սեպտեմբեր 15,2014 17:07

«Նման զարգացումները միանգամայն դրական են: Սա մեր` Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի հերթական հաղթանակն է, ինչը վկայում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի անշեղելիության մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Եվրամիության տարածքային խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստին:

Վերջերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը ճանաչեց ԼՂՀ անկախությունը, ապա, որոշ ժամանակ անց` սեպտեմբերի 12-ին, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Բասկերի երկրի Գիպուզկոա նահանգը մի օր առաջ էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Թեպետ աշխարհաքաղաքական խաղացողներից որեւէ մեկը դեռ նման հեղափոխական քայլի չի գնում, բայց ստեղծված աշխարհաքաղաքական այս իրավիճակում հայկական երկրորդ պետության համար կարծես բավական նպաստավոր պայմանների նախադրյալներ են ստեղծվում:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` ի՞նչ մտահոգություններ, մտավախություններ կամ ոգեւորություններ դրսեւորել այս իրավիճակում, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն ասաց. «Այդ մտահոգությունները ԼՂՀ-ի ճանաչման հետ կապ չունեն: Մեր հիմնական խնդիրը մեր պետության անվտանգության եւ անկախության պահպանումն է, իսկ դրան սպառնում է առաջին հերթին Ադրբեջանը եւ նրան սատարող Թուրքիան, որը չի ճանաչում 1915 թվականի Ցեղասպանությունը, շարունակում է Հայաստանի շրջափակումը, սատարում է Ադրբեջանին»:

Դավիթ Բաբայանն այն կարծիքին է, որ առանց ԼՂՀ-ի ճանաչման էլ այդ երկու պետությունները կշարունակեն իրենց ապակառուցողական քաղաքականությունը: Իսկ Արցախի միջազգային ճանաչումն, ըստ մեր զրուցակցի, թուրքական պետությունների ապակառուցողական քաղաքականության դեմն առնելու ամենալավ քայլերից մեկն է:
«Արցախի ճանաչումը ցույց է տալիս, որ մեզ դիտարկում են որպես նորմալ եւ քաղաքակիրթ երկիր, ինչն իր հերթին մեծ հարված է տոտալ եւ ֆաշիստական Ադրբեջանին եւ նրա կողմից վարվող քաղաքականությանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930