Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը` գիշերօթիկ դպրոցներում երեխաներին ծեծող մանկավարժների մասին. «Դա խայտառակ կադրային քաղաքականության արդյունք է»

Սեպտեմբեր 15,2014 16:50

ՀՀ ԿԳՆ հանրային դիտորդական խումբը սեպտեմբերի տասին ներկայացրեց Երեւանի 22 հատուկ դպրոցներում իրականացված մոնիթորինգի վերաբերյալ զեկույցը, որում ասվում է, որ հատուկ դպրոցներում երեխաների հիմնարար կարիքների եւ իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվել, որոնք վերաբերում են երեխաների նկատմամբ մանկավարժների կողմից կիրառված բռնություններին, հաստատությունների շենքային, սանիտարական անբավարար պայմաններին:

«Հատուկ դպրոցներում երեխաների նկատմամբ կիրառվում են պատիժներ, որոնցից ամենաթեթևը բարկանալն է, իսկ ամենածանրը` զրկելը սիրելի զբաղմունքից, խաղերից, զբոսանքից: Սակայն, կան նաև ավելի ծանր պատիժներ, ինչպիսիք են` սպառնալ, անկյուն կանգնեցնել, թեթև խփել, ծեծել, ապտակել, խփել գլխին: Ընդ որում մանկավարժը, որը կիրառում է գլխին խփելը, անում է մեծ քար ունեցող մատանիով, որը կարող է բացի հոգեբանական ազդեցությունից, ազդել նաև երեխայի առողջության վրա… փայտով ծեծ, քամահրանք, հայհոյանք, կոպիտ վերաբերմունք, հրել, խփել, ինչպես նաև բղավել, սաստել, ամոթանք տալ, մասնագիտական օգնություն չցուցաբերել, ստորացնել» ,- նշվում է հանրային դիտորդական խմբի զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ հատուկ դպրոցներում անտեսվում են երեխաների հիմնարար կարիքները. «Անտարբերություն է դրսևորվում երեխաների կանոնավոր բուժզննման անհրաժեշտության հանդեպ, անտեսվում է երեխայի կարծիքը սննդի, հագուստի, ազատ ժամանցի կազմակերպման, որոշ դեպքերում էլ ընտանիքի հետ կապի պահպանման իրավունքը»:

Զեկույցում նաեւ անդրադարձ կա հատուկ դպրոցներում վատ շենքային պայմաններին, ճաշարաններում, լոգարաններում, զուգարաններում հակահիգիենիկ պայմաններին:

Այս ամենը հաշվի առնելով`զեկույցում առաջարկ կա փակել այն հատուկ կրթական հաստատությունները, որոնք կիրառում են ոչ ընդունելի եւ երեխաների իրավունքները ոտնահարող կրթական մեթոդներ:

Aravot.am-ը խնդրի շուրջ զրուցեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի հետ: Մեր այն հարցին, թե ո՞րն է ոլորտում նման բացի պատճառը, տիկին Բախշյանը, նախ, անդրադարձավ հատուկ դպրոցների ֆինանսավորման պայմաններին եւ նշեց, որ հատուկ դպրոցները` սննդի, հիգիենայի եւ այլ պայմանները ապահովելու համար 12-15 անգամ ավելի շատ են ֆինանսավորվում, քան հանրակրթական դպրոցները: Տիկին Բախշյանը օրինակ է բերում, որ Աշտարակի հատուկ դպրոցում մեկ երեխայի համար դպրոցի ֆինանսավորումը կազմում է մոտ 1 մլն 6 հարյուր հազար դրամ:

Տիկին Բախշյանի խոսքով` ոչ թե վատ ֆինանսավորման պատճառով է հատուկ դպրոցներում տիրում նման իրավիճակ, այլ մանկավարժների անմարդկային վերաբերմունքի պատճառով. «Խղճի համատարած բացակայություն է, երեխայի նկատմամբ ազնիվ եւ հոգատար վերաբերմունքի բացակայություն է: Նման երեւույթներն ի հայտ են գալիս խայտառակ կադրային քաղաքականության արդյունքում` պատահական մարդիկ են հայտնվում այդ դպրոցներում: Ուսուցիչների, մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների կարողությունները ոչ մեկը չի գնահատում եւ դրանց հիման վրա ընդունում հատուկ դպրոցներ»:

Մեր այն դիտարկմանը, որ եթե ֆինանսավորումն այդքան շատ է կազմում, իսկ զեկույցում էլ նշված է, որ վատ շենքային պայմանները, հակասանիտարական պայմանները դեռեւս առկա են, այդ դեպքում ո՞ւր է գնում այդ գումարը, տիկին Բախշյանը պատասխանեց, որ հարցի պատասխանը պետք է ստանալ դատախազությունից. «Թող նայեն, հատուկ դպրոցների, գիշերօթիկ դպրոցների ֆինանսավորմանը եւ թող զբաղվեն դրանով: Թող պարզեն ` ուր են գնում այդ գումարները, այն դեպքում, երբ երեխաները այդպիսի ահավոր զուգարաններից, լոգարաններից են օգտվում, տարրական հիգիենան չի պահպանվում»:

Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ UNICEF-ը բազմիցս բարձրացրել է գիշերօթիկ դպրոցների բեռնաթափման հարցը, որպեսզի հատուկ գիշերօթիկ դպրոցների սաները ունենան խնամակալ ընտանիքներ. «Այս պարագայում գիշերօթիկ դպրոցների ֆինանսավորման գումարները կուղղվեն այդ ընտանիքներին եւ կապահովեն, որպեսզի երեխան իր ընտանիքում մեծանա»:

Տիկին Բախշյանը նաեւ հույս հայտնեց, որ ներառական կրթության ցանցի ընդլայնում եւ ամբողջական քաղաքականության որդեգրման որոշում կլինի, որպեսզի հատուկ դպրոցները կրթական կարիքներ ունեցող երեխաների համար աստիճանաբար դառնան ծառայություն մատուցող կենտրոններ:

Մեր այն դիտարկմանն էլ, որ առաջարկվում է փակել այն դպրոցները, որոնք կիրառում են երեխաների իրավունքները ոտնահարող կրթական մեթոդներ, տիկին Բախշյանը հակադարձեց, որ դա կնշանակի, որ ոչ պետությունը գումար կտա, ոչ էլ կմտածի, թե ինչ է լինելու երեխաների ապագան. «Դրանք պետք է աստիճանաբար փակվեն, երբ Հայաստանում խնամատար ինստիտուտը կայանա: Երեխան չունի հարազատներ, եւ նրան պետք է ապահովել խնամատար ընտանիքով, ընտանիքին էլ ապահովել որոշակի ամսեկան գումարով: Երեխայի ձեւավորման համար նաեւ շատ կարեւոր է, որպեսզի նա շրջապատված լինի ընտանեկան սիրով եւ խնամքով: Դպրոցների աստիճանաբար փակումը պետք է ուղիղ համեմատական լինի ներառական կրթության տարածմանը: Որքան արագ տարածվեց ներառական կրթությունը, այնքան արագ կլուծվի հատուկ դպրոցների փակման խնդիրը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930