Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծագույն արհամարհանք

Սեպտեմբեր 15,2014 15:56

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստան երկրում, որակել այլ անունով, քան մեծագույն արհամարհանք՝ սեփական ժողովրդի նկատմամբ, անկարելի է: Վերջապես, պետք է լինի՞ մեկը, ով ժողովրդի հետ կխոսի անկեղծ, ինչպես նաև համարձակություն կունենա` առանց խեղաթյուրելու իրականությունը, հանրությանը ներկայացնի ժողովրդի «գոյատևման» այսօրվա վիճակը:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս բացահայտումներով քար ենք շպրտում (ճշմարտությունը փշոտ է, միշտ խուսափում են նրանից) երկրի գործող իշխանությունների վրա, այնինչ` սթափ վերլուծելու դեպքում, այն առաջին հերթին անհրաժեշտ է հենց նրանց: Վայրագ փողերն այնպես են մթագնել որոշ իշխանավորների ուղեղները, որ նրանք հայտնվել են մոլորության մեջ և ժամանակ չունեն սթափ դատողություններ անել այսօրվա անելանելի վիճակի վերաբերյալ: Նրանք չեն գիտակցում, որ կորցրել են իրավիճակի տիրապետման վերահսկողությունը, լիովին կտրված են ժողովրդից և չեն հասկանում, որ իրենք պարտավոր են որդեգրել լիովին այլ կեցվածք, քանզի իրականացվող մոտեցումները չնչին աղերս անգամ չունեն ստեղծված իրավիճակի հետ և դրանով՝ առաջին հերթին հարվածում են հենց իրենց:

Ժողովրդի և նրանց միջև առաջացած վիհն այնքան է մեծացել, որ նրանք չեն հասկանում, եթե իրենցից որևէ մեկը նույնիսկ հրաշքով կարողանա տիրանալ աշխարհի ողջ փողերին, ապա միևնույն է, դրանով ձեռք չի բերելու անմահության դափնի և չի կարողանալու «հավերժության» մեջ իրացնել այդ անվերջանալի փողերը: Եթե ուշադիր թերթենք կյանքի էջերը, ապա կտեսնենք, որ այլևայլ ճանապարհներով կուտակած փողերը համարյա միշտ վայելում են ոչ թե դրանք կուտակողները, այլ այդ փողերի կուտակման հետ բացարձակապես առնչություն չունեցող մարդիկ:

Եվ, եթե ասվածն ավելի պարզեցնենք, ապա կունենանք մոտավոր այսպիսի պատկեր. որոշ մարդիկ ոչնչի առջև կանգ չառնելով, մոլագարի կեցվածքով կուտակում ու կուտակում են որքան հնարավոր է մեծ փողեր, իսկ այդ փողերը, վաղ, թե ուշ, տնօրինում կամ քամուն են տալիս ուրիշները (դա կյանքի չգրված օրենքն է): Սա, նման ձևով կուտակած փողերի վախճանն է: Պետք չէ ասվածն ընդունել որպես վախի մարտահրավեր, այլ ընդամենը հարկավոր է ասվածից սթափ եզրակացություններ անել: Հասկանալի է, որ հատկապես այսօր, փողը նաև ազդեցության միջոց է և որքան շատ փող ունի մարդը, այնքան էլ շատ ազդեցության ոլորտներ ու լծակներ ունի: Սակայն, այս թեզը բացարձակ չէ և աշխատում է՝ միայն մինչև որոշակի սահման, իսկ դրանից այն կողմ դադարում է աշխատել, քանզի այդ պարագայում, ավելի մեծ դերակատարում են ունենում այլ գործոններ և փողը «հոժարակամ» իր հեգեմոն դերը զիջում է դրանց: Այնպես որ, եթե ասվածը տեղակայենք վերը նշված այն առեղծվածի դաշտում, որ եթե ինչ-որ հրաշքով աշխարհի ամբողջ փողը կուտակված լինի մեկ մարդու ձեռքում, ապա դա բնավ չի նշանակի, որ ողջ աշխարհն էլ իրենը կլինի:

Եթե հնարքով մի միջոց լիներ, որը հայելային ճշտությամբ ցուցադրեր այն ամեն քողարկվածը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ապա զարմանքից բոլորը կքարանային: Երկրի` համարյա համատարած աղքատության, գործազրկության և արտագաղթի պայմաններում, մի քանի հարյուր հոգի տիրացել են երկրին և ժողովրդին ոչ միայն մարդատեղ, այլ նաև ապրանքի տեղ էլ չեն դնում, քանի որ, գոնե ապրանքի տեղ դնելու պարագայում, նրա հետ այդպես չէին վարվի, հուսալով, որ այդ ապրանքը երբևէ իրենց պետք կգա: Այս ամենը շատ դժվար է տեղավորել նորմալ մարդու երևակայության մեջ, քանզի ինչպե՞ս հասկանալ, որ այսօր երկրում հարյուր հազարավոր մարդիկ համարյա սովի են մատնված: Այո, սովի են մատնված, քանի որ, այն մի կտոր հացը, որը նրանք ուտում են, հիմնականում դրսի հաց է: Վերջապես, այն, ինչ արվում է ժողովրդի նկատմամբ, չափազանց դժվարությամբ, սակայն որևէ կերպ հնարավոր է ընկալել, իսկ այն վարմունքը, որը ժողովուրդն է հանդես բերում և հանդուրժում, վեր է նույնիսկ տիեզերական երևակայությունից: Վիճակագրական տվյալների համաձայն, չափահաս տարիքի աղքատ մարդկանց թիվը Հայաստանում հասնում է մի քանի հարյուր հազարի և միանգամայն անհասկանալի է, թե նրանք ինչպես են հանդուրժում այդ վիճակը: Եվ, եթե նրանք հանդուրժում են այդ վիճակը, ուրեմն արժանի են դրան և մեծ հաշվով ստանում են այն, ինչ պետք է ստանային: Ասվածը ոչ այլ ինչ է, քան մեծն Կանտի բնորոշումը. «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը և հակառակը»: Ստացվում է, որ մեր երկրում ամեն ինչ` ավելի քան նորմալ է. գոհ են և իշխանությունները, և ժողովուրդը: Երկուստեք ոչ մի դժգոհություն չկա: Եթե ինչ-որ դժգոհություններ էլ կան, ապա դրանք նմանվում են պատերի տակի խոսակցությունների: Ակնհայտ է, եթե ժողովուրդը չհանդուրժի այս վիճակը, ապա իշխանություններն ինչքան էլ անվախ լինեն, ոչ մի դեպքում չեն համարձակվի արհամարհել ժողովրդին:

Սիրելի ժողովուրդ, մի՞թե չես հոգնել միտինգային կամ կոնֆերանսային ճշմարտություններ լսելուց, քանզի ելույթ ունեցող` կուշտ հռետորները, քեզ մշտապես` խիստ հուզված և մտահոգված տոնով բացատրում են, թե ինչ բան է սովը և մշտապես արդարանում. «այ, եթե չլինեին համաշխարհային ճգնաժամը և բազմապիսի խանգարող այլ հանգամանքները», ապա շատ մոտ ապագայում մեր ժողովուրդը «կվաստակեր» աշխարհի ամենադեմոկրատ երկրի ժողովրդի տիտղոսը և մեր բազմաչարչար ժողովուրդը կապրեր արժանապատիվ կյանքով: Տառապանքի բազմաթիվ քառուղիներով անցած հայ ժողովուրդ, դու բոլոր հնարավորություններն ունես փոխելու քո կյանքը և ապրելու շատ արժանապատիվ կյանքով: Անհասկանալի է, ինչո՞ւ չես արթնանում քո երկարամյա քնից: Եթե չե՞ս ուզում, դա այլ խնդիր է: Միայն թե, այդ դեպքում բարի եղիր չնվնվալ, դա ուղղակի պատվաբեր չէ: Զարմանալի է, մի՞թե մեր ժողովրդի միտքն այնքան է տկարացել, որ չի գրանցում՝ գոնե տարրական և ակնհայտ մեկ այլ իրողություն ևս. զանգվածային լրատվամիջոցներով կամ կենդանի շփումների ընթացքում ցանկացած մեկը, լինի դա պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, երբեք՝ ոչ ճշմարիտ որևէ միտք չի արտաբերում, դրանք ուղղակի գեղեցիկ մտքեր են, որոնք այդպես էլ մնում են լոկ որպես խոսքեր և երբեք գործ չեն դառնում: Զարհուրելի իրողություն է, երբ մի քանի հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը չի կարողանում թատրոնն իրականությունից զատել, որի ցավալի առհավատչյան` Հայաստանի այսօրվա վիճակն է: Մեծ հաշվով, եթե արդար դատենք, ապա այս ամենի միակ մեղավորը ժողովուրդն է և այսօր նա հնձում է այն, ինչ ցանել է:

Պարոնայք իշխանավորներ, լարեք ձեր ուղեղները և ուշադիր լսեք. այն, ինչ այսօր կատարվում է Հայաստան երկրում, ոչ այլ ինչ է, քան մեծագույն արհամարհանք և բավական է ժողովրդին ներկայացնեք՝ իրենց իսկ հիպնոսացված վիճակի վերլուծությունները: Լավ կլինի, որ դա թողնեք իրենց և դուք զբաղվեք այն գործով, ինչին կոչված եք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930