Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգութան «Աշխարհի 51-րդ առաջնությունը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունն» հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու:
Երեկ` սեպտեմբերի 14-ին, Հրաչիկ Բաբայանը 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չուներ որակավորման փուլում: 78 մրցակիցներից Հրաչը 624,9 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Հրաչին՝ 624,1 միավորով հետևում էր ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդն է 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը՝ 623,2 միավորով կրկին չին Պենգ Վյուն, 5-րդը ՝ 623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը՝ 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը՝ Բրայան Բադուին:
Լավագույն 8-նյակն այսօր` սեպտեմբերի 15-ին, մասնակցել է եզրափակիչ փուլին: Եզրափակչի արդյունքում 1-ին տեղը գրավել է ռուս Վլադիմիր Մասլեննիկովը` 206,8 միավորով, իսկ 2-րդ տեղը` հայազգի Հրաչիկ Բաբայանը`205,7 միավորով, 3-րդ տեղն է գրավել նույնպես ռուս Եվգենի Պանչենկոն` 185,3 միավորով: «Պատանեկան օլիմպիական խաղերի» և արդեն «Աշխարհի երիտասարդների առաջնության» փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 14-ին 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) տղաների թիմային պայքարում հայկական եռյակը` Ռազմիկ Մինասյան, Հովհաննես Խաչատրյան և Շանթ Սարգսյան, արժանացել է բրոնզե մեդալի: Ռազմիկ Մինասյանի և Շանթ Սարգսյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը, գյումրեցի Հովհաննես Խաչատրյանի անձնական մարզիչն է Էդիկ Գաբրիելյանը:
Շնորհավորում ենք մեդալակիրներին, մարզիչներին և նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն հայ հրաձգային սպորտի զագացման գործում:
Հայաստանի հավաքական թիմը ողջ կազմով մրցելույթները կշարունակի վաղը:
Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի առաջնության» մրցելույթներին անձամբ հետևում և իր ներկայությամբ մազրիկներին ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ում նախագահությամբ հայ հրաձգային սպորտը մեծ վերելք է ապրում: Նման ուժեղ հավաքական Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ի օրոք. Միջազգային կարգի սպորտի վարպետներ՝ Քրիստիան Լաուեր, Հրաչիկ Բաբայան՝ «Պատանեկան օլիմպիական խաղերի» փոխչեմպիոն, Սպորտի վարպետներ՝ Զավեն Իգիթյան՝ «Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն», Լիլիթ Մկրտչյան՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության» բրոնզե մեդալակիր, Ռազմիկ Մինասյան և Շանթ Սարգսյան (Սպորտի վարպետի թեկնածու) ՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության» թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ:
Մրցելույթներին կարող եք հետևել Հրաձգային սպորտի միջազգայնին ֆեդերացիայի կայքում
ՀՀՖ մամուլի քարտուղար՝ Լաուրա Ավետիսյան