Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններն իրականում համակարգային խնդիր չեն լուծում

Սեպտեմբեր 15,2014 15:25

Նորանկախ Հայաստանի պետական առաջին մոդելը խորհրդարանականն էր, որը փոխվեց 1991թ. հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունների արդյունքում և երկիրը սկսեց առաջնորդվել կառավարման նախագահական մոդելով: 1991թ.-ից մինչև այսօր, գոնե ես չեմ հիշում մի դեպք, երբ մեր երկիրը՝ թե արտաքին, թե ներքին կյանքում կանգնած լինի մի այնպիսի խնդրի առջև, որտեղ չնչին չափով նշանակություն ունեցած լինի այն հանգամանքը, որ Հայաստանում կառավարման մոդելը նախագահական է, այլ ոչ թե խորհրդարանական, որի հետևանքով էլ տվյալ խնդիրը ստացած չլինի լավագույն լուծում:

Ավելին, եթե խորհրդարանական մոդելն այդքան լավն է, ապա ինչու՞ 1991թ.-ին գործող խորհրդարանական համակարգից կամովին անցում կատարվեց նախագահականին: Իհարկե, կգտնվեն շատ-շատերը, ովքեր կասեն, որ այն ժամանակ մեր պետությունը դեռ մանուկ էր, նոր-նոր էր կազմավորվում, դրան էլ ավելացրած, որ հենց այդ ժամանակահատվածում էր ընթանում Ղարաբաղա-Ադրբեջանական պատերազմը, այնպես որ, Հայաստանին իսկապես պետք էին և նախագահական մոդելը, և պետության գլուխը՝ նախագահը, որը կարողանար նստել-վեր կենալ այլ երկրների նախագահների հետ ու նախագահների մակարդակով երկրի համար կարևոր հարցեր լուծեր:

Նախ, մի հարցնող լինի, արդյոք համարում ենք, որ արդեն պատերազմը վերջնականապես ավարտված է, և արդյոք Հայաստանն այսօր այնքան է հզորացել, որ իրեն արդեն նախագահ պետք չէ և պառլամենտի միջոցով ավելի դյուրին ձևով կարելի է այդ հարցերը լուծել:

Ի՞նչ է, բարեփոխումների հեղինակներին թվում է, որ հենց դառնանք խորհրդարանական պետություն, ապա արտագաղթը դանդաղելու՞ է, աշխատատեղերն ավելանալու՞ և գործազրկությունը նվազելու՞ է, կաշառակերությունն ու կոռուպցիան նվազելու՞ են, մենաշնորհները վերանալու՞ են, օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու՞, արդարությունը ծորելու՞ է երկրով մեկ և այդպես շարունակ:

Շատ հետաքրքիր է, թե երկրին կամ ժողովրդին էդ ի՞նչ պետք է տա խորհրդարանական համակարգը, որ չի տալիս նախագահականը: Եթե պարզվի, որ այդ փոփոխությունների արդյունքում էապես կրճատվելու է պետական ապարատը, հետևաբար նաև պետության ծախսերը, դա արդեն այլ հարց է:

Ամերիկայի նման գերհզոր երկիրն ունի մոտ 12 նախարարություն, ի՞նչ է, այս փոփոխությունների արդյունքում, Ամերիկայի օրինակով՝ նախարարությունների թիվը 24-ից դառնալո՞ւ է 12, կամ ասենք՝ դատարանների, ոստիկանության բաժինների, դատախազության մարմինների, հարկային ծառայությունների քանակը էապես նվազելո՞ւ է, ծառայողական մեքենաների քանակը կիսվելո՞ւ է, աշխատատեղերը ավելանալո՞ւ են, արտագաղթը նվազելո՞ւ է և այսպես շարունակ: Կամ, մի՞թե այս փոփոխությունները հստակ ենթադրում են այլ տիպի դյուրին համակարգային բարեփոխումներ, որոնց հնարավորությունը նախագահական մոդելը չի տալիս:

Սրանք չափազանց կարևոր հանգամանքներ են, որոնց պարագայում, միգուցե իմաստավորված կլինեն սահմանադրական փոփոխությունները: Իսկ վերջինների ռեալ իրագործումը անխուսափելի կլինի, եթե հիմնավորվի, թե նախագահական համակարգը ինչո՞վ թույլ չի տալիս այս ամենը կյանքի կոչել:

Էլ չեմ ասում, որ անցյալի և ներկայի դառը փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում կառավարման ցանկացած մոդելի դեպքում, միևնույն է, ամեն ինչ որոշում են անձերը, այլ ոչ թե համակարգը, քանզի մեր տիպի երկրներում օրենքները ստորադասված են անձերին: Ուրիշ բան հարկավոր չէ, ուղղակի թող որևէ մեկը ժողովրդին հստակ բացատրի, թե կոնկրետ ի՞նչ են տալու ժողովրդին, երկրին, պետությանն այդ սահմանադրական փոփոխությունները, ժողովուրդն էլ ասի, կեցցեք: Եթե անգամ, անհատ մարդն է ուզում որևէ բան փոխել, ապա նվազագույնը, ինքն իր համար հիմնավորում է, թե ինչ ուներ մինչև փոփոխությունը և ինչ պետք է ձեռք բերի այդ փոփոխությունից հետո: Եվ ամենակարևորը, արդյոք նման տարբերությունը՝ որպես արդյունք, կարևոր և համարժեք է իր կատարելիք ամբողջական (խոսքը ոչ միայն ֆինանսական ներդրումների մասին է) ներդրումներին, որպեսզի տվյալ փոփոխությունը համարվի պահանջված և արդարացված:

Ավելին, եթե խոսքը գնում է սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք ունենալու են բարձրագույն իրավաբանական ուժ, ասել է, թե չափազանց որոշիչ դեր են խաղալու ժողովրդի, երկրի, պետության կյանքում, ապա այդ տարբերությունները պետք է ունենան չափազանց էական և որոշիչ արդյունավետություն: Հակառակ պարագայում, այդ ամենը կդառնա ոչ միայն ինքնանպատակ, այլ նաև ծախսերի լրացուցիչ բեռ, որը Հայաստանի այսօրվա պայմաններում ուղղակի անթույլատրելի է: Այլ խոսքով, այդ ամենը կդառնա ավելորդ ճոխություն: Իսկ, թե ինչ է նշանակում հերթական ավելորդ ճոխությունը պատերազմող, քայքայված տնտեսությամբ, արտագաղթի, գործազրկության, կոռուպցիայի, կաշառակերության աներևակայելի ցուցանիշներ արձանագրած Հայաստանի համար, կարծում եմ բոլորին է հասկանալի:

Ասվածը պարզորոշ վկայում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ մի համակարգային խնդիր չի լուծում, ինչը և նշանակում է, որ այն հավանաբար կոչված է՝ ինչ-ինչ անձերի խնդիրների լուծման համար…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ,
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930