Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» աշխատակիցները վաղը աշխատավարձ կստանան

Սեպտեմբեր 15,2014 15:19

«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանի խոսքով, վաղը գործարանի աշխատակիցները կստանան նախորդ տարվա մեկ ամսվա աշխատավարձը:

Նա հերքեց լուրերը, թե ավելի վաղ աշխատակիցները սպառնացել էին Հանրապետության հրապարակում նստացույց անել, ու ինքն է հորդորել, թե մինչեւ սեպտեմբերի 15-ը սպասել ու կտրուկ քայլերի չդիմել. «Ո՞վ ասաց նման բան: Ճիշտ չէ, նստացույցի մասին խոսք չի գնացել: Վերջին երկու ամսվա ընթացքում երկու երթ միայն իմ նախաձեռնությամբ է անցկացվել: Վերջին երթի ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը դուրս եկավ, ասաց, որ մեկ ամսվա աշխատավարձը կվճարեն ու խոստացավ, որ գործարանի ապագայի մասին փաթեթ կներկայացնի կառավարությանը: Այս շաբաթ կասեն, թե ինչ առաջարկների ծրագիր է: Հուսով եմ, որ վարչապետը դրական քայլերի ծրագիր կհաստատի, եւ «Նաիրիտը» կվերագործարկեն»:

Մինչեւ կառավարության առաջարկների ծրագրին չծանոթանան, ըստ պարոն Թադեւոսյանի, աշխատակիցները նստացույց կամ երթեր չեն կազմակերպի: Մեր հարցին, թե նախարար Երվանդ Զախարյանի խնդրանքո՞վ են այդ որոշմանը հանգել, ասաց. «Ես ոչ նախարարից եմ վախենում, ոչ` լրատվամիջոցներից, ոչ էլ` մյուսներից»:

Նստացույց անելու մասին լուրը հերքեց նաեւ «Նաիրիտի» աշխատակից Էմմա Մելքոնյանը. «Հլը որ նստացույց չի լինի, սպասում ենք` մեզ աշխատելու մասին պետք է ասեն, ուզում ենք Նաիրիտը վերսկսի աշխատանքները, ու մեր աշխատավարձերը տան: Ասել են, վաղը կստանանք, մինչեւ չենք ստանում, չենք հավատում»:

Նա նաեւ պատմեց, որ իրենց գործարանի արհմիության ղեկավարն էլ է իրենց ասել` սպասեն. «Տեսնենք գործարանի հարցը ինչպես է լուծվում, եթե չլուծվի, այն ժամանակ ուրիշ քայլերի կդիմենք»:

«Այն, որ աշխատակիցներին խոստացել են սեպտեմբերի 16-ին վճարել, դա փաստ է, բայց կվճարե՞ն, թե՞ ոչ, կերեւա սեպտեմբերի 16-ին: Գործարանն արդեն 4 տարի կանգնած է, ու եթե այդ ընթացքում կա ընդամենը 1,5 տարվա պարտք, ապա նշանակում է, որ կառավարությունը հնարավոր միջոցներով կանգնած, չաշխատող, որեւէ բան չստեղծող գործարանին աշխատավարձ է վճարում»,- ասաց «Նաիրիտի» լրատվական բաժնի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930