«ԷկոԽնձորիստան». այսպես է կոչվում էկոգյուղերի ստեղծման ցանցը, որի հիմնական չափանիշներն են էկոկրթության սերմանումը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացումը, աղբի տեսակավորման, վերամշակման խթանումը, էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը:
«Այս տարվա հուլիսի 21-26-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հ/կ-ի հետ համատեղ Արցախի Խնձորիստան գյուղում կազմակերպեց վրանային ճամբար, որի նպատակն էր մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ անձանց առաջարկել ու նրանց հետ քննարկել Արցախի Խնձորիստան, Պատարա և Աստղաշեն գյուղերն էկոգյուղերի վերածելու գաղափարը: Այս գյուղերի կարիքների և հնարավորությունների գնահատումից հետո պարզ դարձավ, որ դա հնարավոր է»,- ահա այսպես է ծնունդ առել նախաձեռնությունը, որի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ արդեն ստեղծվել են կամավորական աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են ավելի քան 70 կամավորներ: Նախաձեռնությանը միացել են նաև շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ:
Ինչպես արդեն նշեցինք, նախաձեռնության հեղինակները էկոգյուղերի ստեղծման համար անհրաժեշտ քայլերից մեկը համարում են աղբի տեսակավորումն ու վերամշակումը: Ա. Գասպարյանն ասաց, որ այդ ուղղությամբ նախատեսում են ստեղծել թղթի, պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների երկրորդային օգտագործման խմբակներ, որտեղ դրանցից կպատրաստվեն տարբեր իրեր և կհանվեն վաճառքի:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է էներգախնայողությանը, բանախոսի խոսքով՝ այն հնարավորություն կտա վերը նշված գյուղերում նվազեցնել բնակիչների ծախսերը և նպաստել բնության պահպանմանը. «Եթե հնարավոր լինի, կտեղադրենք արևային էներգիայի մարտկոցներ՝ համայնքների փողոցային լուսավորությունը ապահովելու համար»,- ասաց նա:
Ա. Գասպարյանի մոտավոր հաշվարկներով՝ այդ երեք գյուղերում նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է մոտավորապես 80-100 հազար դոլար. «Հավանաբար, անհրաժեշտ գումարը կփորձենք հայթայթել դրամահավաքի միջոցով, որը կիրականացնենք ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ինչպես նաև շահագրգիռ անձանց և կազմակերպությունների աջակցությամբ»,- ասում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ