Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իսլամական պետությունը» սպառնալիք՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Սեպտեմբեր 15,2014 13:18

«Իսլամական պետությունը բավականին ինքնաբավ և գայթակղիչ կառույց է»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նշենք, որ «Իսլամական պետության» զինյալները կրկին սպառնում են Մոսկվային ու խոստանում պատերազմ հրահրել Հյուսիսային Կովկասում: ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձեր են կատարվում «Իսլամական պետության» դեմ: Սակայն Թուրքիան հայտարարեց, որ հրաժարվում է միանալ կոալիցիային:
Aravot.am-ի հարցին ի՞նչ սպառնալիքներ են ներկայացնում Հայաստանին այս գործընթացները և ինչպիսի հետևանքներ կունենա Թուրքիայի անդամակցությունից հրաժարումը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Առաջին հերթին Իրաքում և Սիրիայում մեր համայնքների անվտանգության հարցն է: Մեր համայնքը Սիրիայում գրեթե երկու անգամ կրճատվեց: Այսօր մեր հետաքրքրվածությունը մեր հայրենակիցներին աջակցելու քաղաքականությունն է: Առավել առաջնային է Իրաքում մեր հայրենակիցների մասին առավել լուրջ աջակցություն ցուցաբերելն է: Գործընթացները ցույց են տալիս, որ Իրաքում երկար ժամանակ խաղաղություն չի հաստատվի, նույնը նաև Սիրիայի մասին: Մյուս սպառնալիքը մեր հարևանների ներգրավվածությունն է այս գործընթացներում: Իրաքում և Սիրիայում կռվող զինյալներ կան թե Ադրբեջանից, թե Վրաստանից, թե Թուրքիայից»:

Արաբագետը իսլամիստների ակտիվացման հարցում լուրջ սպառնալիք է տեսնում նաև Ղարաբաղյան հակամարտության առումով: Նա մանրամասնեց. «Նույն այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք կռվում են այսօր Իրաքում և Սիրիայում, հնարավոր է հետո վերադառնան և ԼՂ հակամարտությունը նրանց համար նոր գոտի դառնա, և եթե Աստված չանի պատերազմ ծագի, հնարավոր է այդ խմբավորումները կանգնեն Ադրբեջանի կողքին»:

Թուրքիայի մասին արաբագետն ասաց. «Պաշտոնական Թուրքիան որպես պատճառաբանություն նշում է իր 47 հյուպատոսական ներկայացուցիչներին, որոնք պատանդ են վերցված իսլամիստների կողմից: Սա շանտաժի միջոց է, որի պատճառով Թուրքիան խուսափում է իսլամական պետության դեմ իրականացվող գործողություններին մասնակից դառնալուց: Թուրքիան քաջ գիտակցում է, որ եթե աջակցի այդ գործողություններին, հնարավոր է զինվեն նաև քրդերը, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից աջակցություն իր իսկ դեմ:Թուրքիան որդեգրել է սպասողական կեցվածք»:
Դառնալով «Իսլամիստական պետության» ռազմավարությանը՝ Արմեն Պետրոսյանը նշեց. «Այս և նման կառույցների կողմից սպառնալիքներ հնչել են ուղղված թե Ռուսաստանին, թե Ամերիկային: Սա հստակ գործելաոճ է` մշտապես ռեյտինգ պահել թե դիվանագիտության մեջ, թե լրատվական դաշտում: Այս կառույցը նպատակ ունի իր շարքերը համալրելու, որպեսզի հրապուրիչ դառնա ամբողջ աշխարհում ապրող ծայրահեղ իսլամիստների համար: Դրա համար այս կառույցի համար ազգությունը կարևոր չէ` սա համաիսլամական կառույց է, որը կենտրոնացած է Սիրիայի տարածքում»:

Ընդդեմ այս կառույցի կոալիցիայի ստեղծման փաստի մասին Արմեն Պետրոսյանը նշեց. «ԱՄՆ կողմից փորձ է արվում ավելի լայն կոալիցիա ներկայացնել, խոսվում է մինչև 40 պետության ներգրավվածության մասին, մինչդեռ մենք դեռ որևէ կարևոր հայտարարություն չենք լսել ռազմական հարվածներին աջակցելու համար: Նույն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ոչինչ չեն անում, որովհետև կասկած կա, որ այս ռազմարշավը շատ երկար է տևելու: Եթե Իրաքում ռազմարշավի հաջողություններն ավելի տեսանելի են, կառույցը Սիրիայում լավ հզորացել է, եթե Իրաքում հաջողություններ արձանագրվեն, կառույցը հետ է քաշվելու Իրաք, որտեղից եկել է»:

Արաբագետի համոզմամբ՝ իսլամիստները Սիրիայում որևէ էական արդյունք չեն արձանագրելու, քանի որ այնտեղ չափավոր ընդդիմություն կա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930