Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե իշխանավորները եւ թե ընդդիմությունը կապված են հանցավոր աշխարհի հետ»

Սեպտեմբեր 15,2014 16:00

Քաղաքագետը՝ ներքաղաքական իրավիճակի
ու «Հակահարվածի» ակցիայի մասին

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ տեղի՞ն էր արդյոք «Հակահարված» արտ-խմբի ամսի 9-ի ակցիան, որը «Բարեւ, Ռոբ» բովանդակության պաստառ էր փակցրել Ազգային ժողովի ցանկապատին՝ հիշեցնելով 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից ծեծելով սպանված Պողոս Պողոսյանին, որը «Պրիվետ, Ռոբ» ասելով էր բարեւել, հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ինձ համար դա դժվար է հասկանալ, թե ինչ էին ուզում ասել դրանով: Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի շարք թերթերի խմբագրություններ, առանձին անհատներ ահաբեկման էին ենթարկվում, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ դա պայմանավորված էր նրանով, որ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն էր նրանց ուղարկել: Նույնն էլ այս դեպքում է, այսպիսի խմբերը շատ են, եւ հեչ կապ չունի՝ քոչարյանականներն են, հայրապետյանականները, թե տեր-պետրոսյանականները: Սա անկախ Հայաստանի առօրյան է: Ի դեպ, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ահաբեկումներն ավելի քիչ էին»:

Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ Քոչարյանի ժամանակ վախի մթնոլորտն ավելի մեծ էր, դրա համար էին այս կարգի ակցիաները քիչ, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ավելի շատ էր վախի մթնոլորտը: Հենց նույնը՝ մամուլի ազատության առումով, ահաբեկումներ եղան գրեթե բոլորի դեմ: Նրանից հետո մի քիչ նվազեց, հիմա գուցե մի քիչ ավելի շատ է պակասել կամ էլ քողարկված է արվում: Նման մթնոլորտը 91 թվից է տիրում Հայաստանում: Երբ ինչ-որ մեկը իշխանավորի դեմ ձայն է բարձրացնում կամ հրապարակավ ազատ քննարկում անում, անմիջապես արձագանքում են, իսկ եթե կասկածում եք, ապա մի ՀՀՇ-ամետի մոտ գնացեք, հարցրեք: Օրինակ՝ ամերիկաբնակ Հայկազ Հավրյանին կամ Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թե իրենց ոնց եւ ովքեր են ահաբեկել 90-ականներին՝ ազատ, անկախ Հայաստանում: Ես էլ կարող եմ իրենց հիշեցնել: Ճիշտ են ասում, որ երբ շանը ծեծում ես, սկսում է տիրոջը սիրել, եւ այդ ծեծված շները նույն մարդկանց հետ հիմա լավ էլ աշխատում են: Ու սա ինձ չի զարմացնում»:
Սերգեյ Շաքարյանցը նաեւ հավելեց, որ «Հակահարվածի» ակցիան ենթատեքստ չուներ, ըստ նրա՝ սա մեր առօրյան է, եւ մեր վերնախավը՝ թե իշխանավորները եւ թե ընդդիմությունը, կապված են հանցավոր աշխարհի հետ, ու նորմալ մարդը նման բաներ չի անի:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930